Ադրբեջանի նախագահը վստահ է՝ «Զանգեզուրի միջանցքը կբացվի», դա, ըստ նրա, այլևս լուծված հարց է՝ նաև այն պատճառով, որ պայմանավորվածությունների ներքո ԱՄՆ նախագահի ստորագրությունն է:
Ալիևի կարծիքով՝ հարցից խուսափելը Հայաստանի համար ինքնասպանություն կլինի:
«Հատկապես եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը այս երթուղուն տվել է իր անունը, և այն այժմ նրա ճանապարհն է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Չնայած Հայաստանի վարչապետը համոզված է, որ ադրբեջանցիները իրենց տարածքով անցնող հատվածն են «Զանգեզուրի միջանցք» անվանում, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ալիևն այդպես Հայաստանով Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհը կոչեց:
«Զանգեզուրի միջանցքը կբացվի: Այն կարող է այլ կերպ կոչվել, բայց դրանից էությունը չի փոխվում: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում անհրաժեշտ բոլոր հարցերը լուծվել են այնպես, ինչպես մենք էինք ցանկանում», - պնդել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը նաև հայկական կողմի շահն է մատնանշել. Հայաստանը դուրս կգա ներկայիս փակուղուց՝ ճանապարհները կբացվեն Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև։ Հայաստանը Նախիջևանի միջոցով հասանելիություն կստանա Իրանի երկաթուղիներին, իսկ Ադրբեջանով՝ Ռուսաստանի։
«Այստեղ պարտվող կողմ չպետք է լինի», - նշել է Ադրբեջանի նախագահը, հավելելով՝ առնվազն տնտեսական առումով. - «Եթե ինչ-որ մեկը իրեն քաղաքականապես պարտված է համարում, դա նրանց խնդիրն է, բայց եթե բոլորը պրագմատիզմով մոտենան այս հարցին, կկարողանան տեսնել օգուտները իրենց համար»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել նույն տերմինաբանությունը, որովհետև դա իր համար քաղաքական ռազմավարություն է Հայաստանի նկատմամբ՝ ստանալու ցանկալին:
«Ադրբեջանի նախագահը նախորդ տարեվերջին իր բազմաթիվ ելույթներում գործնականում անթաքույց հայտարարում էր, որ հիմա անցնում են արդեն Հայաստանի հանդեպ փափուկ ուժի գերակայության մարտավարության, և այդ ձևակերպումը, որ «մենք կգնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով», ըստ էության, դրա արտահայտումն էր: Այդ շրջանակում Ադրբեջանը շարունակում է դիտարկել նաև այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» հարցը, և Ալիևը իր հարցազրույցում հատկանշական մի ձևակերպում էր արել, որ ճանապարհի կամ միջանցքի, ինչպես իրենք են օգտագործում, անվանումները կարող են այլ լինել, բայց դրա տրամաբանությունը շարունակում է մնալ նույնը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը՝ շարունակելով. - «Երբ մենք դիտարկում ենք բովանդակությունը՝ այդ թվում նաև օգոստոսի 8-ի փաստաթղթի, մենք տեսնում ենք, որ, ցավոք սրտի, Ադրբեջանի հայտարարությունները այդ տեսանկյունից եթե ոչ ամբողջապես, ապա զգալիորեն մոտ են իրականությանը»:
Իլհամ Ալիևին դուր է գալիս Հայաստանի վարչապետի հռչակած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, նա իր հարցազրույցում ողջամիտ է համարել թեզը, որ կա իրական Հայաստան՝ իր սահմաններով: Ու հավելել, թե մինչև իրենք չճանաչեն այդ սահմանները, դրանք գոյություն չունեն:
Ինչպես տարեմուտի ուղերձում, երեկ էլ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե միջազգային իրավունքի նորմերն այլևս չեն աշխատում, փոխարենը գործում է «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը:
Նա և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հաստատված խաղաղության մասին է ազդարարել, ասել, որ պատերազմի չեն պատրաստվում, և կրկին հայտարարել, թե ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ պատերազմները մնացել են անցյալում:
Ճանապարհների բացման կոնտեքստում Ալիևը խոսում է այն մասին, որ Հայաստանը կարող է դուրս գալ այսօրվա փակուղուց, իսկ երբ 907-րդ լրացմանն է անդրադառնում, պնդում է, թե ոչ մի շրջափակում էլ չկա:
Ադրբեջանն ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսը կչեղարկի 1992-ին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ընդունված լրացումը, որով Բաքուն տարիներ շարունակ Վաշինգտոնից աջակցություն չէր ստանում։
«Հայաստանը ոչ այն ժամանակ, ոչ էլ այսօր շրջափակված չի եղել։ Ընդհակառակը, այսօր տարբեր տեղերից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ են անցնում, ճանապարհները բաց են, և նույնիսկ ադրբեջանական նավթամթերք է արտահանվում Հայաստան։ Ի՞նչ շրջափակման մասին է խոսքը։ Եթե 907-րդ լրացման ընդունման պաշտոնական պատճառը շրջափակումն էր, ապա այսօր այն այլևս գոյություն չունի։ Չնայած այսօր բանաձևը խորհրդանշական բնույթ է կրում, բայց, ինչպես ասում են, անցյալի այս մնացուկներից սեղանը լիովին մաքրելու համար Կոնգրեսը պետք է այն մեկընդմիշտ չեղարկի», - հայտարարել է Իլհամ Ալիևը:
Ինչո՞ւ է Ալիևի համար այդքան կարևոր չեղարկելը, չէ՞ որ տարիներ շարունակ Միացյալ Նահանգների նախագահները կարողացել են շրջանցել այդ լրացման կիրառումը՝ հնարավոր դարձնելով Ադրբեջանին ուղղակի ամերիկյան ռազմական օժանդակության տրամադրումը:
«Երբ այդ փաստաթուղթը չկա, եթե նույնիսկ ժամանակի ընթացքում ինչ-որ սիմվոլիկ նշանակություն էր պարզապես ձեռք բերել, սա շատ ավելի մեծ տարածություն է բացում Նահանգների հետ պաշտպանական բնագավառում Ադրբեջանի աշխատանքի համար», - նշեց Հակոբ Բադալյանը:
Ադրբեջանի նախագահի աչքն է ծակել նաև ռուս - ուկրաինական պատերազմի ընթացքում շեշտակի աճած հայ-ռուսական առևտրաշրջանառությունը: Նա ուղիղ տեքստով դա պատժամիջոցների շրջանցում է համարել ու մեղադրել եվրոպացիներին դրա վրա աչք փակելու համար:
«Երբ սկսվեց ռուս - ուկրաինական պատերազմը, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմում էր մոտ 2 միլիարդ դոլար։ Երկու տարի առաջ այն կազմում էր 12 միլիարդ դոլար։ Այնպես որ, ամեն ինչ ակնհայտ է։ Սա պատժամիջոցներ շրջանցել է։ Բայց Եվրահանձնաժողովում, Եվրախորհրդարանում կամ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ոչ ոք ոչ բառ անգամ չասաց, դիտողություն չարեց Հայաստանին, նույնիսկ ոչ թե պատժամիջոցների մասին, այլ՝ ընդհանրապես: Ոչ ոք ոչինչ չասաց», - հայտարարել է Ալիևը: