Բաքուն ակնկալում է, որ Թրամփի վարչակազմը կվերացնի Ղարաբաղյան առաջին պատերազմի օրերին Ադրբեջանի դեմ սահմանված պատժամիջոցները, այս տարվա առաջին ասուլիսում կրկնել է նախագահ Իլհամ Ալիևը, պնդելով՝ հիմա արդեն «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության մեջ են ապրում», Ադրբեջանի տարածքով բեռներ են հոսում դեպի Հայաստան, և նույնիսկ ադրբեջանական նավթամթերքն է արտահանվում։
«Եթե Կոնգրեսում 907-րդ լրացումն ընդունելու պաշտոնական պատճառը շրջափակումն էր, ապա այսօր այն այլևս գոյություն չունի։ Հետևաբար, մենք սպասում ենք, որ Թրամփի վարչակազմը, օգտագործելով իր ռեսուրսները, կկարողանա համոզել Կոնգրեսի անդամներին, մասնավորապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, որ անհրաժեշտ է այս անարդար դրույթն ամբողջովին չեղարկել», - ասել է նա:
Իլհամ Ալիևն անցած մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է խոսում 1992 թվականին ընդունված «Ազատության աջակցության ակտի 907 լրացումը» չեղարկելու մասին, մի դրույթ, որն արգելում է ԱՄՆ կառավարությանը ուղիղ աջակցություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն չի վերացրել Հայաստանի շրջափակումը և չի դադարեցրել ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ։
Օրեր առաջ էլ նա այս հարցը բարձրացրել էր Բաքվում՝ ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ։ «Այդ լրացումը հակասում է մեր երկրների միջև հարաբերությունների ներկայիս զարգացման մակարդակին»,- ասել էր Ադրբեջանի առաջնորդը ամերիկացի օրենսդիրներին։
Այսօր տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում արդեն նա պնդել է, թե Բաքուն «բավարար հիմքեր ունի» ակնկալելու, որ Թրամփի վարչակազմի օրոք այդ պատժամիջոցները լիովին կվերացվեն։
«Մենք տարիներ շարունակ փորձել ենք չեղարկել 907-րդ լրացումը, սակայն դա շատ բարդ գործընթաց էր։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Ամերիկայի նախագահները սկսեցին չեղարկել այդ լրացումը, և դա շարունակվեց մինչև 2024 թվականը։ Աֆղանստանում ամերիկյան առաքելության ավարտից հետո, սակայն, Բայդենն այն թողեց ուժի մեջ»,- ասել է Ալիևը։
Մի քանի անգամ կրկնելով այս խոսույթը՝ Ալիևը պնդել է, թե Բայդեն-Բլինքեն վարչակազմն անշնորհակալ գտնվեց Ադրբեջանի նկատմամբ ու վերականգնեց պատժամիջոցները, երբ Ամերիկան այլևս Ադրբեջանի կարիքը չուներ՝ դեպի Աֆղանստան մատակարարումներ իրականացնելու համար։ Իրականում, սակայն, Բայդենի վարչակազմը Բաքվի դեմ պատժամիջոցները վերականգնեց Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումից ու Ղարաբաղի հայաթափումից հետո։
Բաքվի ագրեսիայից մոտ երկու ամիս անց՝ նոյեմբերին, ելույթ ունենալով Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ԱՄՆ այն ժամանակվա փոխպետքրատուղար Ջեյմս Օ՛Բրայանը պնդել էր. «Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Մենք չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել»։
Ալիևը պնդել է, թե նախորդ վարչակազմի այդ որոշումը «որևէ կերպ չի ազդել Ադրբեջանի տնտեսական զարգացման վրա և ոչ էլ կարող է»։
«Սակայն դա ևս մեկ անգամ ցույց է տալիս Բայդեն-Բլինքեն վարչակազմի անշնորհակալության աստիճանը», - ասել է նա։
Թրամփի օրոք, ըստ Ալիևի, Բաքվի և Վաշինգտոնի հարաբերություններում պատմական փուլ է սկսվել. «Այս վարչակազմը շատ պրագմատիկ է, շատ պրոֆեսիոնալ, և նրա անդամները՝ նախագահի գլխավորությամբ, լավ են գիտակցում, թե որն է Ամերիկայի ազգային շահը»:
«Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց»
Խոսելով Հայաստանի հետ ձեռք երված պայմանավորվածությունների մասին՝ Ալիևը պնդել է, թե Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց։
«Ճանապարհներ կբացվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ճանապարհներ կբացվեն Թուրքիայի և Հայաստանի միջև։ Հայաստանը Նախիջևանի միջոցով հասանելիություն կստանա Իրանի երկաթուղիներին, իսկ Ադրբեջանի միջոցով՝ Ռուսաստանի երկաթուղիներին։ Սա նշանակում է, որ դա շահավետ է նաև Հայաստանի համար։ Այստեղ պարտվող չպետք է լինի»,- ասել է Ալիևը, ավելացնելով առնվազն տնտեսական կամ տրանսպորտային տեսանկյունից։
«Եթե ինչ-որ մեկը իրեն քաղաքականապես պարտված է համարում, դա նրանց խնդիրն է, բայց եթե բոլորը պրագմատիզմով մոտենան այս հարցին, կկարողանան տեսնել օգուտները իրենց համար», - նշել է նա:
«Միջազգային իրավունք գոյություն չունի»
Ինչպես տարեմուտի իր ուղերձում, այսօր էլ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե միջազգային իրավունքի նորմերն այլևս չեն աշխատում, փոխարենը գործում է «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը։
«Համաշխարհային ներկայիս գործընթացները վկայում են, որ յուրաքանչյուր երկիր պետք է առաջին հերթին ամրապնդի իր ռազմական ներուժն ու անվտանգությունը»,-ասել է Ալիևը, հավելելով՝ հենց այդ պատճառով է ամիսներ առաջ առաջարկել Թյուրքական երկրների համատեղ վարժանքներ անցկացնել։
«Համատեղ զորավարժությունները կարող են մեծ խորհրդանշական նշանակություն ունենալ, բայց միևնույն ժամանակ կա նաև դրանց գործնական անհրաժեշտությունը,- ասել է Ալիևը, հավելելով, - Ժամանակակից աշխարհում այլևս միջազգային իրավունք գոյություն չունի: Թող բոլորը մոռանան դրա մասին: Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք, կա փոխադարձ աջակցություն»: