ԲՀԿ-ն ողջունում է, ՔՊ-ականները շրջանցում նշված խնդիրները․ արձագանքներ ԵԽԽՎ զեկույցին

Հայաստանյան համապետական ընտրությունները դիտարկած եվրոպացի պատգամավորներն իրենց ամփոփիչ զեկույցում մտահոգություն են հայտնել, որ ԿԸՀ-ն առանց հիմնավոր պատճառաբանության անվավեր է ճանաչել առանձին տեղամասերի արդյունքները և հրաժարվել նշանակել կրկնակի քվեարկություն, ինչի հետևանքով Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր ԲՀԿ-ն, չհաղթահարելով 4 տոկոսի շեմը, դուրս մնաց խորհրդարանից: Զեկույցն այսօր ներկայացվեց ԵԽԽՎ նիստում:

«Մեզ մտահոգում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մի շարք ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը, որոնք վճռորոշ էին ընդդիմադիր կուսակցություններից մեկի խորհրդարանական ներկայացվածության համար: Այդ որոշումն էական էր հասկանալու համար՝ արդյոք այդ կուսակցությունը հաղթահարում էր 4 տոկոսի ընտրական շեմը։ Վերջնական արդյունքով նրան վերագրվել է 3,99 տոկոս: Եվ հետևաբար՝ ոչ մի մանդատ։ Համապատասխան տեղամասերում նոր քվեարկության անցկացումը լիովին ընդունելի տարբերակ կլիներ։ Այն մերժվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ առանց իրական բացատրության։ Նման նշանակալից որոշումը պետք է հիմնված լինի հիմնավոր, թափանցիկ և ստուգելի պատճառների վրա։ Ավա՜ղ, դա տեղի չի ունեցել», - նշված է զեկույցում։

ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին առաջարկել է փոփոխել Ընտրական օրենսգիրքը՝ սահմանելով կրկնակի քվեարկության հստակ ընթացակարգեր:

Չեղարկված արդյունքներով ընտրատեղամասերում նոր քվեարկություն չնշանակելու որոշումը ԿՀԸ նախագահն ավելի վաղ այսպես էր պարզաբանել. եթե հիմնական ընտրություններին մարդիկ քվեարկում էին առանց արդյունքներն իմանալու, ապա վերաքվեարկության դեպքում տեսնում են, թե ում քանի ձայն է պակասում։

ԲՀԿ-ից ողջունում են

ԿԸՀ նախագահն ու իշխանությունը դեռ չեն արձագանքել Ծառուկյանի կուսակցության մասին եվրոպացի պատգամավորների դիտարկումներին, մինչ այդ ԲՀԿ-ից ողջունում են այն. «Այո, իրապես, շատ կարևոր է, որ այդ զեկույցում տեղ է գտել այդ արձանագրությունը, և մեր աշխատանքը շարունակական է լինելու»։

Ընտրություններից մեկ ամիս անց տնտեսական հանցագործությունների մեղադրանքով կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենց թիմը պարբերաբար տեղեկություններ է փոխանցում կուսակցության ու նրա առաջնորդի շուրջ տեղի ունեցողի մասին, և շարունակելու են համագործակցել միջազգային կառույցների հետ:

«Բնական է, որ խորհրդարանը ձևավորված է, բայց այս խորհրդարանը պատմության մեջ մնալու է որպես խորհրդարանական մեկ խմբակցությանը խորհրդարան մտնելու հնարավորությունից զրկած խորհրդարան։ Պատմական փաստն այլևս արձանագրված է։ Փաստն արձանագրված է, որ կոնկրետ այս իշխանության կամայականության շնորհիվ ԲՀԿ-ն զրկվել է խորհրդարանում հայտնվելու հնարավորությունից», - նշեց Տոնոյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպե՞ս ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից, ՔՊ-ն ստացավ 3/5. ԿԸՀ որոշումը դիտորդներն ապօրինի են որակում

Վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառք

Եվրոպացիները նաև այլ խնդիրներ են արձանագրել՝ ընտրակաշառք, որը վերագրվել է Ռուսաստանի աջակցությունը վայելող ընդդիմությանը, քարոզարշավում իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահում, խախտումների համար արդյունավետ քննության ու ժամանակին դատական պաշտպանության լուրջ թերություններ:

Ի թիվս այլ առաջարկների՝ ԵԽԽՎ-ն կոչ է անում դադարեցնել ընդդիմության նկատմամբ ընտրովի հետապնդումները և ընտրական դատավարություններում ապահովել պատշաճ իրավական ընթացակարգեր։ Վեհաժողովն առաջարկում է նաև կարգավորել վարչական ռեսուրսների կիրառումը՝ նկատի ունենալով հանրային հատվածի աշխատողների վրա իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու ճնշումները, արդյունավետորեն պատժել ցանկացած չարաշահում և իրավապահների գործելակերպը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔՊ-ի քարոզարշավին ուսուցիչների և աշակերտների մասնակցության դեպքերով պաշտոնանկություններ չկան

ՔՊ-ականներն իրենց գրառումներում շրջանցել են եվրոպացիների վեր հանած խնդիրները

Իշխող ՔՊ-ի ներկայացուցիչներն իրենց այսօրվա գրառումներում շրջանցել են եվրոպացիների վեր հանած խնդիրներն ու առաջարկները: Փոխարենն անդրադարձել են ու առանցքային են որակել ԵԽԽՎ-ի դիտարկումը, որ ժողովրդից հստակ մանդատ են ստացել:

«Չնայած արձանագրված թերություններին և աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին՝ հասարակությունը ցուցադրել է իր ժողովրդավարական դիմակայունությունը։ Այսպիսով, նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն», - զեկույցից մեջբերել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ հիշատակել է հետևյալ մեջբերումը՝ «ընտրությունների արդյունքները վկայում են, որ հասարակությունը դրսևորել է իր ժողովրդավարական կայունությունը՝ չնայած աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին և արձանագրված թերություններին։

Իշխող ուժի ներկայացուցիչը մեջբերել է նաև ընտրական շրջանում արտաքին ճնշման մասին եվրոպացի պատգամավորների դիտարկումները. «Ռուսաստանի Դաշնության միջամտությունն ու արտաքին տեղեկատվական գործողությունները Եվրոպայի խորհրդի անդամ որևէ պետությունում հասել էին աննախադեպ ծավալների»:

ԵԽԽՎ-ն նաև եզրակացրել է՝ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղին։