Ադրբեջանից Հայաստան՝ 6.4 մլն դոլարի նավթամթերք, Հայաստանից Ադրբեջան՝ 0 դոլարի ապրանք

Հայաստան է ժամանում Ադրբեջանից նավթամթերք տեղափոխող հերթական շարժակազմը, արխիվ

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 6.4 միլիոն դոլարի նավթամթերք է ներկրել, սակայն հարևան երկիր չի արտահանել գեթ 1 դոլարի ապրանք: Չնայած դեռ ամիսներ առաջ պաշտոնյաների արած հայտարարություններին, թե շուտով հայկական ապրանքներն էլ ադրբեջանական շուկա կհասնեն, Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ դեպի Ադրբեջան տարվա առաջին եռամսյակում ընդհանրապես արտահանում չի եղել:

«Ադրբեջանից դեպի Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի». - վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից անցել է արդեն շուրջ 7 ամիս, այս ընթացքում Կառավարությունը տեղեկացրեց, թե կողմերը ցանկեր են փոխանակել, թե ինչպիսի ապրանքներով են հետաքրքրված: Աղվերանի հյուրանոցներից մեկում հայկական բիզնեսի ներկայացուցիչները հանդիպեցին Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության հետ, սակայն այդպես էլ արտահանում կազմակերպել չի հաջողվում, երկու երկրների միջև առևտրային սալդոն 100 տոկոսով հարևան երկրի օգտին է:

«Կա այդպիսի ապրանք, կոնկրետ հայտ եղել է, և կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլաթիթեղի նկատմամբ, և կոնկրետ կոդի, փայլաթիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին, և մեր արտադրողը տվել է: Այսինքն՝ ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն՝ ցանկերը փոխանակվելուց հետո, սա եղել է, որ այ էսինչ հաստության փայլաթիթեղը մեզ հետաքրքրում է», - հայտարարում էր Հայաստանի էկոնոմիկայի նախարարը:

Ոչ միայն Գևորգ Պապոյանն էր ամիսներ առաջ այսպիսի հայտարարություններ անում, այլև արտաքին գերատեսչությունն էր Աղվերանում կայացած հանդիպումից հետո տեղեկացրել, թե կողմերի գործարարները քննարկել են փոխադարձ առևտրի վերաբերյալ հարցեր:

Արդեն հասանելի են դեպի Հայաստան մատակարարումների և Հայաստանից արտահանումների ավելի հստակ տվյալները՝ ո՞ր ապրանքից ինչքա՞ն է Հայաստան մտել, ո՞ր երկրից, կոնկրետ ապրանք որքա՞ն են արտահանել այս կամ այն երկիր:

Թեև Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրությունը չի արտացոլում նախընտրական շրջանից սկսած Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները, սակայն երևում է՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության կառուցվածքում որոշ փոփոխություններ են եղել:

Օրինակ՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը Ռուսաստանից շատ ավելի քիչ նավթամթերք է ներկրել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում. ծավալն ավելի քան երեք անգամ փոքր է, թեև այն զգալիորեն ավելի մեծ է Ադրբեջանից մատակարարումների ծավալից:

Եթե Հայաստանի իշխանություններին ստացվում է դիվերսիֆիկացնել վառելիքի ներկրումն ու Ռուսաստանի մասնաբաժինը փոքրանում է, ցորենի պարագայում ուղիղ հակառակ պատկերն է. Հայաստանը կախվածություն ունի ռուսական ցորենից ու այս տարվա առաջին եռամսյակում էլ ավելի շատ է ներկրել, քան անցած տարի: Երեք ամսվա ընթացքում շուրջ 20 միլիոն դոլարի ռուսական ցորեն է Հայաստանի շուկա մտել, անցած տարվա նույն ժամանակահատվածում ծավալը 16.5 միլիոն դոլարի չէր հասել:

Պաշտոնական վիճակագրությունն ուղիղ հակասում է էկոնոմիկայի նախարարի խոսքերին, որը նախընտրական շրջանում պնդում էր, թե դեպի Հայաստան մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացված են:

«Հայաստանի Հանրապետությունը ունի անհրաժեշտ պաշարներ, Հայաստանի Հանրապետությունը ունի դիվերսիֆիկացված մատակարարման աղբյուրներ, Հայաստանի Հանրապետությունը ստանում է և կստանա կայուն ցորեն, և այդ մասով մեր քաղաքացիները որևէ մտահոգություն ունենալ չեն կարող, ամեն ինչ կառավարելի է», - վստահեցնում էր Գևորգ Պապոյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման 6 ամսվա ընդհանուր ծավալըՄիակողմանի՞ առևտուր՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջևԱռաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից Ադրբեջան արտահանում. ՊապոյանԱրդյոք ադրբեջանական շուկան հետաքրքի՞ր է հայկական բիզնեսի համար «Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի». ադրբեջանական բենզինի վաճառքը քառապատկվել է Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ Մուստաֆաևի այցի մասինԱդրբեջանի փոխվարչապետը Հայաստան այցելեց. քննարկվել են սահմանազատման և այլ հարցեր, ստորագրվել է արձանագրություն«Հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի». Փաշինյան

Փոփոխություններ Հայաստանից Ռուսաստան արտահանումների վիճակագրությունում

Հայաստանից Ռուսաստան արտահանումների վիճակագրությունը մի շարք զգալի փոփոխությունների մասին է փաստում: Այս տարվա առաջին եռամսյակում, օրինակ, բույսերի ընդամենը 3 հատ արմատ է ռուսական շուկա մտել, 2025-ի նույն ժամակահատվածում քանակը մոտ էր 400 հազարին, ծառերի սածիլների արտահանումը նույնպես շեշտակի նվազել է՝ շուրջ 420 հազար հատի դիմաց՝ գրեթե 140 հազար հատ: Հայկական ծաղիկների ներկրման սահմանափակումներ ռուսական կողմը շատ ավելի վաղ սկսեց կիրառել, այժմ տվյալները փաստում են գումարային արտահայտությամբ ծավալների շեշտակի նվազման մասին՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի շուրջ 31 միլիոն դոլարի դիմաց՝ գրեթե 8.5 միլիոն դոլար: Ավելի քան 110 անգամ նվազել է կարտոֆիլի արտահանումը: Այժմ, ըստ էության, հայկական ամբողջ գյուղմթերքի, ծաղիկների, հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների մի շարք տեսակների արտահանումը Ռուսաստան արգելված է, այսինքն՝ արդեն հաջորդ վիճակագրությունը նաև այդ սահմանափակումների վերաբերյալ տվյալներ կներառի:

Նորություն են նաև էլեկտրոնիկայի վերաարտահանման ծավալներում արտացոլված փոփոխությունները: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամիսներ առաջ թվարկեց, թե Արևմուտքի հորդորով այլևս որ ապրանքները Ռուսաստան չեն վերաարտահանում. - «Հեռուստացույցի ու սմարթ ժամացույցի վերաարտահանում՝ դրանք նախկինում չեն եղել, հետո ինչ-որ պահի եղել են, հիմա նորից չկա, օրինակ՝ նույն սմարթֆոն ժամացույցը մենք տարվա ընթացքում այդ կոդը արգելել ենք վերաարտահանում տեղի ունենա, որովհետև եվրոպական գործընկերները մեզ դրա մասին խնդրել են, մենք նաև կոմունիկացրել ենք Ռուսաստանի գործընկերների հետ, այսինքն՝ էդ մասը շատ թափանցիկ է, և աշխատանքը էդ առումով տարվում է»:

2025-ի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան 182 հազար հատ հեռուստացույց էին վերաարտահանել, այս տարվա հունվար-մարտ ամիսներին՝ 4 հազար 200 հատ: Մինչդեռ բջջային հեռախոսների ապրանքախմբում վերաարտահանման ծավալները նույնիսկ աճել են՝ երեք ամսվա ընթացքում ավելի քան 220 միլիոն դոլարի հեռախոս, մոդեմ կամ դրանց մասեր են Ռուսաստան վերաարտահանել, անցած տարվա նույն ժամանակահատվածում գումարը գրեթե 190 միլիոն դոլար էր: Չնայած փոփոխություններ կան՝ էլեկտրոնիկա վաճառող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր հարկատուն՝ երեք ամսվա ընթացքում գրեթե 60 միլիոն դոլար են վճարել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միշուստինի հետ հանդիպմանը ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ. Փաշինյան«Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ մասնակցությամբ». ի՞նչ կտա Փաշինյան-Միշուստին հանդիպումը «Եթե ԵԱՏՄ-ում ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժի չլուծվող խնդիրներ կան, ուրեմն միությունը գոյություն չունի». ՓաշինյանՌուսաստանը նորանոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներմուծումների համարԲեռնափոխադրողներն անհանգստացած են Ռուսաստանի օր-օրի ավելացող սահմանափակումներիցՌուսաստանն արգելում է հայկական չրերի և կարտոֆիլի ներկրումը «Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ Հայաստանը պետք է դադարեցնի ՌԴ արտահանվող ձկան հավաստագրումը