Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ինչպես Ադրբեջանն է Հայաստան ներմուծում վառելիք, առաջիկայում Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի: Թե ինչ ապրանքատեսակներ կարող են Հայաստանից Ադրբեջան արտահանվել, Փաշինյանը չմանրամասնեց:
Անցած շաբաթ վրացական երկաթուղով Ադրբեջանից Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա բենզին, որն արդեն վաճառվում է բենզալցակայաններում:
Ադրբեջանի տարածքով սկզբում ղազախական և ռուսական ցորենի, ապա նաև ադրբեջանական բենզինի ներկրմանն անդրադառնալով, վարչապետն ասաց, թե դա կարևոր է նաև ԵԱՏՄ -ի համար, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ է ստացել:
«Մենք նախկինում երբեք ԵԱՏՄ -ի հետ երկաթուղային կապ չենք ունեցել: Շատ կարևոր է գնահատել տեղի ունեցածի մասշտաբը և ուզում եմ ցույց տալ, ցույց եմ տալիս, հայտարարում եմ, որ խաղաղությունը իրականություն է: Եվ այդ իրականությունը ունի կոնկրետ արտահայտչաձևեր: Ես հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ... այսինքն՝ հիմա Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա: Հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում էլ կլինի»,- ասաց Փաշինյանն՝ արձագանքելով նաև այն հարցադրմանը, թե ինչու վարչապետը առիթը բաց չի թողնում և տարբեր հարթակներում պարբերաբար շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագհին:
Փաշինյանը Բաքվին և Անկարային պարբերաբար առաջարկում է Հայաստանի տարածքով բեռների տարանցում իրականացնել, սակայն առ այս պահը 2 երկրներն էլ հրապարակավ այդ առաջարկին չեն արձագանքել: