Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գործով դատական նիստը մեկնարկից մի քանի րոպե անց ավարտվեց: Նիստն ընթացավ դռնփակ՝ դատավոր Հակոբ Մանուկյանի նախագահությամբ:
Ըստ փաստաբանների՝ դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել:
Փաստաբան Արա Զոոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց:
«Նա եղել է փաստաբան, և արտոնագիրը ես եմ հանձնել [փաստաբանների պալատի նախագահ լինելու ժամանակ] և հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, նա ինքնաբացարկ հայտնեց: Ողջունում եմ իր այս քայլը, որովհետև ըստ էության, նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին», - ասաց Արա Զոհրաբյանը:
Հաջորդ նիստը կնշանակվի, երբ նշանակվի նոր դատավոր, ասաց նա:
Դատարանից դուրս դուրս գալուց հետո կաթողիկոսը աջակիցների ուղեկցությամբ Արմավիրի առաջին ատյանի դատարանից քայլեց դեպի Մայր Աթոռ, որտեղ ժամերգություն է:
Դատավոր Մանուկյանն այսօր դատական նիստի մեկնարկին հայտարարեց, որ դատալսումները փակ կլինեն միայն այս փուլում, քանի որ մասնավոր կյանքի գաղտնիություն հետ կապված հանգամանքներ կան, թե կոնկրետ ինչ նկատի ուներ դատավորը հայտնի չէ:
Նիստին ներկայացել էր նաև այս գործով միակ տուժող Արման Սարոյանը՝ նախկին Գևորգ եպիսկոպոսը:
Դատարանի առջև կաթողիկոսի աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում:
ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Էջմիածնում է՝ դատարանի առջև, որտեղ մեկնարկել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և մյուս բարձրաստիճան հոգևորականների գործով դատական նիստը: Էջմիածնում են նաև որոշ պատգամավոր ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունից:
«Ես անասելի ցավ եմ զգում, երբ Վեհափառ հայրապետի նկատմամբ նման ապօրինություն է տեղի ունենում, երբ մեր սրբազան հայրերի նկատմամբ նման անասելի միջամտություն է տեղի ունենում, որոնցից ոչ մեկը ոչ իրավական տրամաբանություն ունի, ոչ էլ ընդհանրապես տրամաբանություն ունի», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արամն Վարդևանյանը:
Այն հոդվածը, որով մեղադրվում է կաթողիկոսը, ազատազրկում նախատեսո՞ւմ է, Վարդևանյանն ասաց. «Չեմ ուզում դրա մասին խոսել, մենք դրանով կարծես կենսունակություն տանքայս վարույթին: Փաստն այն է, որ կա ապօրինություն»:
Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:
Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում: