50 միլիոն եվրո ԵՄ-ից՝ ՀՀ-ին. ինչ փաթեթ է առաջարկում Բրյուսելը

Եվրամիությունը 50 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրում Հայաստանին: Վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր տեղեկացրեց՝ ռուսական սահմանափակումներին դիմակայելու համար Հայաստանին աջակցության փաթեթ են մշակում. 50 միլիոնը ծրագրում են անմիջապես տրամադրել, ապա հեշտացնել հայկական գյուղմթերքի արտահանման ընթացակարգը:

Բրյուսելը փակագծեր է բացում է՝ վաղը Լատվիա կհասնեն 10 հազար հատ հայկական ծաղիկներ: Ներկրումն այսքանով, ըստ Եվրահանձնաժողովի նախագահի, չի սահմանափակվի: Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայկական ապրանքների՝ Ռուսաստան մուտքի արգելքն անթույլատրելի է որակել՝ պնդելով, թե դա տնտեսական ճնշում է:

«Արտահանման սահմանափակումներն ընդլայնելով Մոսկվան տնտեսական կապերը որպես քաղաքական ճնշման զենք է օգտագործում: Մենք այս սցենարին շատ լավ ծանոթ ենք: Ահա թե ինչու է Եվրոպան ամուր կանգնած Հայաստանի կողքին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ծաղիկների մի խմբաքանակ արդեն ճանապարհին է». ռուսական սահմանափակումներից հետո արտահանողները այլ շուկաներ են փնտրում

Ի տարբերություն Բրյուսելի՝ Երևանն այս հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում Ռուսաստանի պատժամիջոցներն ընդհանրապես չի հիշատակել, միայն նշել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերների մասին: Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումից մի քանի ժամ առաջ Երևանում հայտարարում էին՝ Հայաստանն ունի բավարար հնարավորություններ արհեստական սահմանափակումներին արձագանքելու համար.

«Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական ցանկացած ապրանք, որն ունի պատշաճ որակ արտահանվելու է՝ անկախ որևէ արհեսատական խոչընդոտներից որևէ շուկայի, որևէ երկրի և այլն: Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը բավարար ֆիսկալ պոտենցիալ ունի այդ խնդիրը լուծելու համար անկախ նրանից, թե ինչ կանեն մեր գործընկերները, կաջակցեն կամ չեն աջակցի»,- կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Այսօրվա կառավարության նիստի ընթացքում պտուղ-բանջարեղեն ու ծաղիկներ արտահանողներին աջակցելու որոշում կայացրին: Ցանկացած արտահանող, եթե կարողանա այս ամսվա ընթացքում մթերքն ու ծաղիկներն այլ շուկաներ հասցնել ու դա հավաստող անհրաժեշտ փաստաղթեր տրամադրել արտահանված յուրաքանչյուր կիլոգրամ պտուղ-բանջարեղենի և յուրաքանչյուր հատ ծաղկի համար փոխհատուցում կստանա.

«Ելակի յուրաքանչյուր մեկ կիլոգրամի համար 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր մեկ կիլոգրամի համար 275 դրամ, պղպեղինը 400 դրամ և ծաղկի յուրաքանչյուր մեկ հատի համար 37 դրամ: Փոխհատուցում ստանալու նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է Էկոնոմիկայի նախարարություն՝ ներկայացնելով ապրանքի տարանցման հայտարարագրերը կամ արտահանման ապրանքի հայտարարագրման պատճենը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերը՝ դրանք նույն հաշիվ-ապրանքագրերն են»,- ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջորյանը:

Ծրագիրն ընդունել են մեկ ամիս ժամկետով՝ այս ամիս իրականացվող արտահանումների համար, սակայն, եթե կարիք լինի կերկարաձգեն: Հաշվարկել են՝ այս ամսվա ընթացքում փոխհատուցումների համար 1.9 միլիարդ դրամ կծախսեն՝ ավելի քան 5 միլիոն դոլար: Թիվը թեև յոթանիշ է, սակայն, օրինակ, ավելի փոքր է քան բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների ֆոնդը կամ Երևանում Ջենիֆեր Լոպեսի համերգի ծախսը:

Գործադիրի ներկայացրած հաշվարկով՝ 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան շուրջ 70 միլիարդ դրամի՝ 190 միլիոն դոլարի պտուղ-բանջարեղեն ու ծաղիկներ են արտահանել: Ռուսաստան արտահանման ծավալն ընդհանուրի 93.3 տոկոսն է: Ծրագրում են, որ այս որոշման արդյունքում այս ամիս ընդհանուր 4250 տոննա պտուղ-բանջարեղեն և 10 միլիոն հատ ծաղիկ կարտահանեն այլ շուկաներ: Նախագիծը Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էր ներկայացնում.

«Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը»,- ասաց փոխնախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրամիությունը քննարկում է հայ արտահանողների համար նոր շուկաներ բացելու հնարավորությունները. Մարագոս

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտնեց, թե Եվրամիությունը պատրաստ է հայկական ապրանքներ ընդունել, բայց պետք է համապատասխանել ստանդարտներին:

«Մենք քննարկումներ ունենք Եվրոպական միության մեր գործընկերների հետ: Իրենց կողմից ևս մաքսատուրքերի հարցում դեպի մեր արտադրողն ուղղված որոշակի քայլեր անելուն և հուսամ՝ առաջիկայում այդ քայլերը հաջողությամբ կպսակվեն»,- նշեց արտգործնախարարը:

Կառավարության որոշման կառուցվածքը միայն հուշում է՝ հրատապ կարգով են մշակել. բյուջետային համապատասխան փոխանցումների հարցն առայժմ չեն լուծում՝ թղթաբանությունը կիրականացնեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Սա միակ որոշումը չէր, կառավարությունը նաև ընդլայնեց Եվրամիության շուկաներ, Միացյալ Թագավորություն ու Կանադա արտահանումների աջակցման ծրագիրը: Գործադիրն այսուհետ կփոխհատուցի ոչ միայն մշակող արդյունաբերության արտադրանքի՝ այլև պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման մաքսատուրքն ամբողջությամբ:

«Ազատության» տեղեկություններով՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Խոսքը Առևտրի ինքնավար միջոցառումների (Autonomous Trade Measures – ATM) մասին է, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր զգուշացումներ Մոսկվայից․ ըստ Օվերչուկի՝ «հետագա որոշումները կախված կլինեն նաև ընտրությունների արդյունքներից»ՌԴ-ը մտադիր չէ վճարել Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար. Գալուզին«Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ իրավիճակ». Օվերչուկ«Կարճ ժամկետում Հայաստանին ԵՄ աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում». Կոս