Կայացել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Նրանք քննարկել են Ռուսաստանի կողմից վերջերս Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին: Այս մասին հայտնում է Ֆոն դեր Լայենը:
«Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական ճնշում, և դա անընդունելի է։ Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ», - նշել է Լայենը։
Եվրահանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ փաթեթը ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով. «Որոշ հայկական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղատնտեսական սննդամթերքի, առևտուրը մեղմելու միջոցառումների վերաբերյալ։ Եվ տուժած ոլորտների, ինչպիսիք են հայկական ծաղիկները, գործնական աջակցության վերաբերյալ»:
Նա տեղեկացրել է, որ վաղը Լատվիա կժամանի 10,000 ծաղիկների խմբաքանակ, որին կհետևեն այլ խմբաքանակներ ևս։
«Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերջերս վերաբացումը, ներառյալ Վրաստանի և Թուրքիայի միջով անցնող երկաթուղային կապը, հիանալի քայլ է դեպի առաջ։ Հայաստանն ունի ներուժ դառնալու Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց», - ընդգծել է Լայենը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը։
Հայկական կողմի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերի իրականացումը և կքննարկի համագործակցության նոր ուղղությունները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն էլ այսօր Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման արգելքի և սահմանափակումների ֆոնին։
Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ: