Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում՝ 10 տարի առաջ և այսօր Հայաստանում ընթացող պրոցեսների միջև։
«Ուկրաինայում էլ ամեն ինչ հենց այսպես էր սկսվում», - МАХ սոցիալական ցանցի իր օգտահաշվում գրել է Վոլոդինը։
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Երևան կատարած այցին, Վոլոդինը նշել է․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Վովաևիչի այդ քայլը բարեկամական չէր ոչ մեր երկրի, ոչ Ռուսաստանի քաղաքացիների, ոչ էլ նույնիսկ հայ ժողովրդի հանդեպ։ Այսօր բոլորի համար էլ ակնհայտ մեկ հարց գոյություն ունի՝ ինչպե՞ս են զարգանալու մեր երկրների հարաբերությունները Փաշինյանի նման արարքներից հետո։ Մերձենալո՞ւ են մեր պետությունները, թե՞ հեռանալու են միմյանցից։ Հարաբերություններում լարվածությունն ավելի շատ է լինելու, թե՞ ավելի քիչ։ Ամենայն հավանականությամբ երկրորդը։ Ակամայից զուգահեռներ են ծագում։ Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես էր սկիզբ առնում», - գրել է Վոլոդինը։
Երևանում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ միջոցառումներից հետո պաշտոնական Մոսկվայից կոշտ հայտարարություններ հնչեցին: Նախ ԱԳՆ խոսնակը դժգոհեց, ապա գերատեսչություն կանչեցին Հայաստանի դեսպանին՝ Ուկրաինայի նախագահի՝ Երևան այցի կապակցությամբ վրդովմունք հայտնելով, ինչպես նաև պնդեցին, թե Բրյուսելին մերձեցող Երևանի քայլերի վրա աչք փակել չեն կարող:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում հայտարարել էր, մասնավորապես, թե Մոսկվան այս տարի որոշել է առանց ռազմական տեխնիկայի անցկացնել շքերթը, քանի որ «նաև վախենում են, որ շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կբզզան»: