Չնայած Երևանի և Բաքվի միջև ակտիվացած քննարկումներին՝ քաղաքագետը դրական տեղաշարժի նախադրյալ չի տեսնում

Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ակտիվացած քննարկումներին՝ դրական տեղաշարժի նախադրյալ չկա, կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

«Ավելին՝ կարող եմ ասել, որ այն տարաձայնությունները, որ գոյություն ունեն կողմերի միջև, կարող են նոր հող նախապատրաստել նոր էսկալացիայի համար ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ գուցե նաև Հայաստանի սահմանին», - ասաց քաղաքագետը։

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները կողմերը սկսեցին շուրջ կես տարի առաջ։ Այս ընթացքում Երևանն ու Բաքուն պարբերաբար հայտարարում են ստացված նոր առաջարկների մասին։ Քննարկվող փաստաթուղթը, սակայն, մինչ օրս չի հրապարակվել։ Հայաստանի իշխանությունները շեշտում են՝ Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց փակագծեր չեն բացում՝ նշելով՝ դա վերջնական փաստաթուղթը չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության պայմանագրի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այդ փաստաթուղթը վերջնական չէ. Արմեն Գրիգորյան 

Խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը երկու երկրների ղեկավարներն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկեցին նաև այս շաբաթավերջին՝ Մյունխենում։

Ըստ հայկական կողմի՝ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի նպատակամղվածությունը՝ հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մյունխենի եռակողմ հանդիպմանը քննարկվել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքը

Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ այս բանակցություններում առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցն է. Երևանը հայտարարում է՝ կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև, Ադրբեջանը, մինչդեռ, սա բացառապես ներքին հարց է համարում։ Քաղաքագետի կարծիքով՝ գլխավոր խոչընդոտը հենց սա է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև. Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ պայմանով

«Ադրբեջանում այդ, այսպես կոչված, երկխոսությունը պատկերացնում են որպես ներքին գործընթաց՝ առանց որևէ միջազգային ներգրավման կամ մասնակցության, և սա է հիմնական խոչընդոտը, որը թույլ չի տալու էական առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում։ Այսինքն՝ Ադրբեջանը պնդելու է, որ, այսպես կոչված, երկխոսությունը ներքին գործընթաց է, դա իրականում ինտեգրացիայի գործընթաց է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, իսկ հայկական կողմը փորձելու է միջազգայնացնել այդ ձևաչափը», - ասաց քաղաքագետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եռակողմ հայտարարության մեջ առկա է Լեռնային Ղարաբաղը, և փաստաթղթի տակ առկա է Ալիևի ստորագրությունը. Փաշինյան

Ադրբեջանի նախագահը մյունխենյան հանդիպումից հետո հայտարարեց՝ հայկական կողմն օրերս նոր առաջարկներ է արել, հիմա դրանք են ուսումնասիրում։ «Առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ տեղաշարժեր կան, բայց դա բավարար չէ»,- լրագրողներին ասել էր Իլհամ Ալիևը։

Հանգստյան օրերին գերմանական քաղաքում անցկացված քննարկումներին երեկ անդրադարձել են արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։

«Հայկական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրած ջանքերը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԳ նախարար Միրզոյանը և ԱՄՆ նորանշանակ դեսպանն անդրադարձել են մյունխենյան հանդիպմանը