Մատչելիության հղումներ

Մյունխենի եռակողմ հանդիպմանը քննարկվել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքը


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Մյունխենում այսօր հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։

Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։

Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցերն էլ են եղել օրակարգում։ Դրանք քննարկվել են Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:

Ըստ հայկական կողմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:

Փաշինյանն ընդգծել է նաև Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակելու ու դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:

«Մենք հավատում ենք, որ 30 տարվա հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանն ունեն հնարավորություն ապահովել խաղաղություն», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը Բլինքենը:

«Կողմերը կենտրոնացած են խաղաղության գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ երկխոսության միջոցով, ինչպես նաև Եվրամիության և մեզ հետ։ Միացյալ Նահանգները հաստատակամ է օժանդակելու այս ջանքերը, թե՛ մեր ընկերների, թե՛ այսպիսի եռակողմի ձևաչափերի, թե այլ միջազգային գործընկերների հետ», - նաև ասել է պետքարտուղարը:

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել էին անցած տարվա հոկտեմբերին՝ Սոչիում։ Երևանն ու Բաքուն արդյոք կբանակցեն նաև այլ պաշտոնյաների մակարդակով, դեռևս հայտնի չէ, Մյունխենում են երկու երկրների արտգործնախարարները, ինչպես նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ու Ալիևի խորհրդականը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված էր անցած տարվա դեկտեմբերին՝ Մոսկվայում։ Հայաստանը նախապես համաձայնել էր, բայց հետո հրաժարվեց մասնակցել ադրբեջանցիների՝ Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Ռուսաստանից պարբերաբար հայտարարում են, թե պատրաստ են կազմակերպել եւս մեկ հանդիպում։

Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի ինչպես նաև Վրաստանի ղեկավարները այսօր նաև մասնակցում են Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը: Երեք տարի առաջ, մինչև 44-օրյա պատերազմը, Մյունխենի համաժողովը հարթակ էր դարձել Փաշինյանի ու Ալիևի բանավեճի համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG