Մատչելիության հղումներ

Բաքուն առաջարկում է անցակետեր Լաչինի միջանցքում, «Զանգեզուրի միջանցքի» սկզբում և վերջում


Արգելափակված Լաչինի միջանցքը, հունվար, 2023թ.
Արգելափակված Լաչինի միջանցքը, հունվար, 2023թ.

Ադրբեջանն առաջարկում է անցակետեր դնել Լաչինի միջանցքում, ինչպես նաև «Զանգեզուրյան միջանցքի» սկզբում և վերջում։

«Մենք ավելի վաղ արդեն արել ենք այդ առաջարկը ոչ պաշտոնական խողովակներով, այսօր էլ այն պաշտոնապես ներկայացրեցինք։ Հայաստանը որևէ դիրքորոշում չի հայտնել», - այսօր ասել է Ադրբեջանի նախագահը Մյունխենում, որտեղ ավելի վաղ տեղի էր ունեցել Բլինքեն-Փաշինյան-Ալիև ձևաչափով հանդիպում:

«Մեր նախնական տպավորությամբ՝ թե՛ Եվրոպան, թե՛ Ամերիկան տրամաբանական են համարում մեր այս առաջարկը։ Սա, անշուշտ, կարևոր գործոն է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Քանի որ, եթե մենք խոսում ենք սահմանի դելիմիտացիայի մասին, դրան անհնար է հասնել առանց անցակետերի։ Անցակետեր պետք է լինեն «Զանգեզուրի միջանցքի» սկզբում և վերջում, ինչպես նաև Լաչինի շրջանի ու Հայաստանի միջև», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է Ալիևը։

Հայկական կողմն անընդունելի է համարում անցակետերի տեղադրումը Լաչինի միջանցքում՝ ընդգծելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում նման բան նախատեսված չէ: Ըստ այդ փաստաթղթի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը Հայաստանից Արցախ և հակառակ ուղղություններով, միջանցքն էլ վերահսկում են ռուս խաղաղապահները:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում չկա նաև «Զանգեզուրի միջանցք» եզրույթ, ինչպես Ադրբեջանը նախագահը վերջերս խոստովանեց՝ այն ինքն է մտցրել «աշխարհքաղաքական լեքսիկոն»: Խոսքը Հայաստանի կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապահովման մասին է, որի վերահսկողությունը պետք է իրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

XS
SM
MD
LG