Մի խումբ եվրոպացի անվանի գործիչներ կոչ են անում ազատել Միխեիլ Սաակաշվիլիին

Ցույց Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով, Թբիլիսի, 18 հոկտեմբերի, 2021թ.

Եվրոպայի քաղաքական ասպարեզում հեղինակություն վայելող մի խումբ գործող և պաշտոնաթող քաղաքական և պետական այրեր Վրաստանի իշխանություններին կոչ են արել՝ բանտից ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաաշաշվիլիին, որի կալանավորումը սրել է ներքաղաքական ճգհնաժամը երկրում:

«Սաակաշվիլիի բանտարկությունը պետք է դադարեցվի, քանի դեռ տեղի չի ունեցել արդար դատավարություն՝ իրավական արդար ընթացակարգով»,- ասվում է բաց նամակում, որը հեղինակիները հասցեագրել են Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին և Եվրախորհրդարանին:

Նամակը, որը հրապարակվել է հոկտեմբերի 18-ին, ստորագրել են Լատվիայի և Ուկրաինայի նախկին նախագահներ Վալդիս Զալտերսը և Վիկտոր Յուշչենկոն, Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը, Եվրախորհրդարանի, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների ազգային խորհրդարանների մի քանի տասնյակ պատգամավորներ՝ ընդհանուր հաշվով ավելի քան 70 քաղաքական և պետական գործիչներ են միացել այդ կոչին:

Նամակում նշվում է, որ Վրաստանի հանրությունը չունի վստահություն երկրի գործող դատական համակարգի նկատմամբ:

Ըստ կոչի հեղինակների, «Վրաստանում անհրաժետ է վերջ տալ քաղաքական շարժառիթներով առաջնորդվող արդարադատության համակարգին»:

Սաակաշվիլին վերջին տարիներին բնակվել է Ուկրաինայում, որտեղ նաև քաղաքական պաշտոններ է զբաղեցրել: Նա Ուկրաինան համարում է իր երկրորդ հայրենիքը:

Սեպտեմբերին նա հայտնել է, որ առաջիկայում կվերադառնա Վրաստան և հայրենակիցներին կոչ է արել հոկտեմբերի 2-ի տեղական ընտրություններում քվեն տալ ընդդիմությանը:

Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ տարբեր հոդվածներով հարուցված են քրեական գործեր, որոնցից մեկով նա 2018 թվականին հեռակա կարգով դատապարտվել է երեք տարվա, իսկ մյուսով՝ վեց տարվա ազատազրկման:

Սաակաշվիլին հերքում է մեղադրանքները և պնդում է, որ Մոսկվայի պատվերը կատարող Վրաստանի այսօրվա վարչակարգի միակ նպատակն է լռեցնել իրեն և ճնշել իր առաջնորդած «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին ՄԻԵԴ-ում բողոքարկել է վրացական դատարանների կողմից իր դեմ կայացված վճիռները

Իշխանությունը բազմիցս ընդգծել է, որ Սաակաշվիլին անհապաղ կձերբակալվի, եթե փորձի վերադառնալ երկիր:

Իրավապահները նրան ձերբակալել են հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ մասնավոր բնակարաններից մեկում, և նրան փոխադրել են Ռուսթավի քաղաքի քրեակատարողական հիմնարկ:

Իշխանությունները պնդում են, որ Սաակաշվիլիի վերադարձի միակ նպատակը երկրում լարվածություն և պառակտում ստեղծելն է, սակայն այն չի իրագործվել, քանի որ տեղական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:

Հոկտեմբերի 30-ին Վրաստանում նախատեսված է տեղական ընտրությունների երկրորդ փուլը: Վերլուծաբանների համոզմամբ, այդ օրը մայրաքաղաք Թբիլիսիում և այլ ավաններում հնարավոր են ցույցեր և ընդհարումներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի վարչապետի կարծիքով` Սաակաշվիլին վերադարձել է հեղաշրջման հույսով