Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է դարձել

Հայաստանի կառավարությունը երեկվանից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է։ Հանքարդյունաբերող այս ընկերությունը տարիներ շարունակ Հայաստանի խոշոր հարկատուների եռյակում է եղել։

Ընկերության 15 տոկոս բաժնեմասը կառավարությանը նվիրաբերել է «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որի մասին Հայաստանի պետական ռեգիստրում ոչ մի տվյալ չկա։

Այսօր միայն կառավարության պաշտոնական հաղորդագրությունից տեղեկություն ստացվեց, որ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2018-ի ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է. Մաշադյան

Արդյունաբերական ընկերությունը ընդամենը մեկ օր առաջ՝ երեկ է ձեռք բերել ԶՊՄԿ-ի 60 տոկոսը, որից 25 տոկոսն էլ նույն օրը նվիրաբերել է կառավարությանը` այսպիսով կառավարությանը դարձնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոսանոց համասեփականատեր։

Թե որն է նման շքեղ նվիրատվության առիթը, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ «Գեոպրոմայնինգը» չեն բացատրել։ Հայտնի չէ նաև, թե այդ բաժնետոմսերի 60 տոկոսն ումից է գնել «Արդյունաբերական ընկերությունը»։

«Գեոպրոմայնինգ Արմենիան» է շահագործում Հայաստանի ամենամեծ՝ Սոթքի ոսկու հանքը, որի մի մասը այժմ գտնվում է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի տարածքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոթքի ոսկու հանքավայրն այժմ լիարժեք չի աշխատում

Ըստ Ինգա Զառաֆյանի` սա ուղղակի նվիրատվություն չէ

«Էկոլուր» կայքի հիմնադիր Ինգա Զառաֆյանը, որը տարիներ շարունակ ուսումնասիրում է հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությունը Հայաստանում, ասում է՝ այն, որ կառավարությունը մասնակցություն և հետևաբար վերահսկողություն է ունենալու տարիներ շարունակ թափանցիկության հետ խնդիր ունեցող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ողջունելի է։ Սակայն շեշտում է՝ խնդրահարույց է, թե դա ինչպես է արվում։ Ի՞նչ պայմանավորվածության արդյունքում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նորահայտ բաժնետերը որոշել կառավարությանը նման շռայլ նվիրաբերություն արել, հարցնում է Զարաֆյանը։

«Ես չեմ համարում, որ դա ուղղակի նվիրատվություն է: Սա ինչ-որ մի պայմանավորված գործարք է, ինչը ձևակերպված է որպես նվիրատվություն: Դա միանշանակ պարզ է բոլորի համար: Երկրորդը` ես կարծում եմ, որ դա շատ լավ է, որ ինչ ձևի լինի, ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, չգիտեմ, բայց որ պետությունը բաժնետոմսերի մի մասով կարող է վերահսկի գործողությունները, միանշանակ դրական է», - գտնում է բնապահպանը:

Ռոման Տրոցենկո. Սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է

«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, կառավարության տարածած հաղորդագրության մեջ անդրադառնալով գործարքին, կառավարությանը վստահելի գործընկեր է համարել։

«Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը», - ըստ հաղորդագրության` նշել է նա։

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, արխիվ

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆորբսի ցանկում հայտնված ռուս միլիարդատիրոջ ընկերությանը Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար:

«Սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում. այս գործարքը կարող է Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը և ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում: Վստահ ենք, որ այս համատեղ նախագիծը կդառնա սկիզբ՝ Հայաստանում ավելի լավ կառավարվող, ավելի ընդգրկուն և կայուն հանքարդյունաբերության համար, որի արդյունքում կշահեն թե՛ երկիրը, թե՛ ներդրողները», - նկատել է Պապիկյանը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության հետ կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց։ Ընկերության հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, ներկայումս ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը այսօր չցանկացավ պատասխանել հարցերին։ Ինքը` Հակոբյանը ամիսներ առաջ ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ ընտրվելիս հաստատել էր, որ իր եղբայրը պղնձամոլիբդենայինի բաժնետեր է։

Փաշինյանի հայտարարությունից ամիսներ անց

Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանը շատ կոշտ էր արտահայտվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հասցեին։ Սյունիք այցից հետո Փաշինյանը հայտարարեց` ընկերությունն անցել է կարմիր գիծը` քաղաքական գործընթացին խառնվելով։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել: Ես իրենց, ձեզ զգուշացրել էի մի քանի անգամ, որ աշխատողների նկատմամբ չփորձեք քաղաքական ներգործություն ցուցաբերել, դուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչն առաջինը ձեր գլխին է ջարդվելու: Հայտարարեք-չհայտարարեք, բողոքեք, ձեր հարցը լուծված ա, ժամանակի հարց ա, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին: Բոլոր կոռումպացված տեղացի այն փայատերերը, որոնք պաշտոնյա են եղել և պաշտոնով փայ են ստացել, բոլոր այդ փայերը վերցվելու են և վերադարձվելու են ժողովրդին, կառավարությանը: Ձեր հարցը լուծված է, թեմա չկա: Մենք արդեն ունենք բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, որոնք առավել ակտիվ են, մենք իրենց խորհուրդ ենք տալիս չթպրտալ, հանգիստ սպասել, մինչև իրենց ճակատագիրը կլուծվի»,- Սյունիքում հայտարարել էր Փաշինյանը:

Կոմբինատ է այցելել ՀՀ նախագահը, արխիվ

Այս հայտարարությունից չորս ամիս անց, փաստորեն, փոխվեց ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսի սեփականատերը, կառավարությունն էլ մասնաբաժին ստացավ ընկերությունում։