Մատչելիության հղումներ

Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել


Աղտոտված Ողջի գետը, 17-ը հոկտեմբերի, 2019թ.

Հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խողովակաշարի վնասման և թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում»: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Մարզի դատախազի հանձնարարությամբ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համապատասխան աշխատակիցների կողմից արտադրված թափոնների տեղափոխման կանոններն առերևույթ խախտելու հետևանքով Սյունիքի մարզի Ներքին Գերաթաղ գյուղի տարածքով անցնող՝ նշված ընկերության թիվ 2-րդ դյուկերի տարածքում վնասվել է 1020մմ տրամագծով 31-րդ խողովակաշարը: Դրա հետևանքով խողովակաշարով անցնող թափոնաջրերը, լցվելով նշված տարածքով հոսող վտակը, թափվել են Ողջի գետ՝ անզգուշությամբ աղտոտելով շրջակա միջավայր, ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությանը: Նախաքննության շրջանակում կպարզվեն ինչպես դեպքի լիարժեք հանգամանքներն ու պատճառները, այնպես էլ շրջակա միջավայրին պատճառված վնասի ամբողջական և վերջնական չափերը, վստահեցնում է դատախազությունը:

XS
SM
MD
LG