Մատչելիության հղումներ

Էրիկ Գրիգորյան. Ծանր մետաղներ էին թափվել Ողջի գետը, հավանաբար քրեական պատասխանատվություն կլինի


«Վերջնական տվյալները պետք է տեսչական մարմինը պարզի», - նշում է նախարարը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հավանաբար 1-2 օրվա ընթացքում կհայտարարի Ողջի գետի աղտոտման վերաբերյալ եզրակացությունը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Յուրաքանչյուր խախտման հասցեատերը տեսչական մարմինն է, որը նմուշառումն իրականացրել է, անալիզները վերցրել է։ Նախնական տվյալներով՝ որոշակի մետաղների՝ ալյումինի, երկաթի կոնցենտրացիաները սահմանային թույլատրելի չափաքանակը գերազանցել են։ Ծանր մետաղներ են թափվել գետը, իսկ դրանց ազդեցությունը օրգանիզմի, էկոհամակարգի համար վնասակար է՝ կապված կոնցենտրացիաներից։ Վերջնական տվյալները պետք է տեսչական մարմինը պարզի», - նշեց նախարարը։

Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը հոկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։

Նախարարը պարզաբանեց, որ սովորաբար վնասը հաշվարկվում է կառավարության որոշման բանաձևերով․ եթե էական վնասը գերազանցում է սահմանված չափաքանակը, ապա քրեական պատասխանատվություն է նախատեսված աղտոտողների համար։ Իսկ նման դեպքերում բնությանը պատճառված վնասը վերականգնելու համար հանձնարարականներ կարող են տրվել օրենսդրության շրջանակներում՝ նախկին տեսքի բերել, մաքրել։ Ըստ նրա՝ հավանաբար քրեական պատասխանատվություն կլինի։

Հիշեցնենք, նախարար Գրիգորյանը հայտարարել էր, որ Ողջի գետը աղտոտողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով գործադիրի որոշ անդամներին տրված պարգևատրումներին՝ շրջակա միջավայրի նախարարը չհերքեց, որ ինքն էլ է ստացել։

«Այն գումարները, որ նշվել ու մեկնաբանվել են վարչապետի կողմից, վերաբերում են ինչպես ինձ, այնպես էլ մյուս նախարարներին, փոխնախարարներին, պարզ է ամեն ինչ, վարչապետն էլ պարզաբանում տվել է։ Բոլոր նախարարները, եթե չեմ սխալվում մայիսից, այդ համահարթեցված գումարները ստացել են, ենթադրում եմ՝ բոլոր նախարարների համար եղել է նույն գումարը»։

XS
SM
MD
LG