Ռուսաստանը հույս ունի շարունակել Հայաստանի հետ կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այսօր «Վեստի»-ին տված հարցազրույցում:
«Մենք, անկասկած, ձգտում ենք դրան և տեսնում ենք Հայաստանին որպես Եվրասիական տնտեսական միության մասնակից: Եվ այն ավելի քան 10 տարվա ընթացքում, ինչ Հայաստանը միության մասնակից է, այդ երկրի ՀՆԱ-ն գրեթե եռակի աճել է: Մեկ շնչի հաշվով եկամուտը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, համապատասխանաբար, նույնպես աճել է երեք անգամ: Մեր առևտուրը գագաթնակետային 2024 թվականին հասնում էր 12.4 միլիարդ դոլարի այն դեպքում, երբ Հայաստանի ՀՆԱ-ն նույն ժամանակաշրջանում 26-27 միլիարդ դոլարի մակարդակին էր», - ասել է Օվերչուկը:
«Եվ մենք, իհարկե, շատ հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատել Եվրասիական տնտեսական միության մասնակից մյուս պետությունների հետ միասին», - նշել է Ռուսաստանի փոխվարչապետը:
Այսօր Մինսկում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելով տեսակապով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Երևանը հանձնառու է շարունակել համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում: Միաժամանակ խոսելով հայկական ապրանքների արտահանման ռուսական սահմանափակումների մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք շարունակում են զգալիորեն խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությանը։
Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։
Մոսկվան պնդում է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև: Երևանը հայտարարել է, որ առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու դիմումի գործընթացը, սակայն այժմ հանրաքվե անելու անհրաժեշտություն չի տեսնում: