Մատչելիության հղումներ

«Օտարերկրյա լրտես», «Ամեն մեկի հետևից թուրքի բեղ ա երևում». իշխանություն-ընդդիմություն հեռակա բանավեճը նոր թափ ստացավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարար Սամվել Կարապետյանի հանդիպումը Երևանում 2021 թվականի հունիսին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարար Սամվել Կարապետյանի հանդիպումը Երևանում 2021 թվականի հունիսին

Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հեռակա բանավեճն այսօր նոր թափ ստացավ մարզային քարոզարշավի ընթացքում․ «օտարերկրյա գործակալ» մեղադրանքին հաջորդեց «թուրքի բեղեր» կոշտ հակադարձումը։

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում քարոզարշավ իրականացնող «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդն առավոտյան խաղաղության օրակարգից էր խոսում, ժողովրդին հորդորում տեր կանգնել խաղաղությանը, ահազանգում, թե այդ խաղաղությունը «խաչաձև կրակահերթի տակ է»։

300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող պահանջը Հայաստանում դարձել է նախընտրական բանավեճի առարկա։ Ընդդիմադիր առանցքային որոշ ուժեր պնդում են, թե Փաշինյանը կատարելու է Ալիևի նաև այս մի պահանջը՝ Հայաստան թողնելով 300 հազար ադրբեջանցիների, մինչդեռ իշխանությունը հերքում է, թե նման մտադրություն ունի։

Եվ հենց այստեղ Փաշինյանը հիշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին. «Եվ ես ասում եմ՝ կալուգացի Սամո, դու օտարերկրյա լրտես ես, ընդորում՝ անուղեղ լրտես, որովհետև դու չես հասկանում, թե ինչ ես անում։ Դու փորձում ես 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգ։ Եվ ես ասում եմ՝ անուղեղ լրտեսները ձայն պիտի չստանան»։

Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն էլ ասաց. «Մինչև երեկո կստանա իր պատասխանը, հետաքրքիր է լինելու»:

«Ուժեղ Հայաստանը» կեսօրին Գեղարքունիքում էր քարոզարշավ իրականացնում, երբ փորձեցինք դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի կարծիքը լսել իր հորեղբորը օտարեկյա գործակալ անվանելու վերաբերյալ։

«Օտարերկրա գործակալները...իրենց հետևից, ամեն մեկի հետևից թուրքի բեղերը երևում ա, իրանք էդ հարցերին պատասխանելու են»,- ասաց Կարապետյանը:

Ու մինչ Արմավիրում Փաշինյանը հորդորում էր ձայն չտալ իր ձևակերպմամբ «եռագլուխ հրեշին», սևանցիներին Կարապետյան կրտսերը վստահեցնում էր, որ հենց իր հորեղբայրն է այն մարդը, որ մեկից կարող է 100 սարքել, իսկ 100-ից՝1000:

«Էս աստվածատուր հնարավորությունները օգտագործող է պետք»,- նշեց Կարապետյանը: Մի տղամարդ էլ փորձեց պարզել՝ իսկ այդ հնարավորությունների մեջ մտնո՞ւմ է արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը։ Դժվար է, բայց օրակարգային հարց է,- Կարապետյանի արձագանքն էր։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բանակցությունների ժամանակ իրենց մեծ մասին հետ բերենք, մենք վստահ ենք, որ դա կանենք: Շատ մեծ խնդիր է, իհարկե, սպայական կազմի հետ կապված հարցը»,- շեշտեց Նարեկ Կարապետյանը:

Չարի վերջը կլինի. Սամվել Կարապետյան

Այս մասին արդեն մարզի բնակիչներին տեսաուղերձի միջոցով խոստացավ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը։

«Մենք միասին տալու ենք չարի վերջը, փոփոխությունը գալիս է, հաղթանակը գալիս է, ուժեղ Հայաստանը գալիս է»,- նշում էր Կարապետյանը:

Իսկ «Ուժեղ Հայաստանում» խոստանում են տնտեսական հրաշք. 300 հազար աշխատատեղ, ծայրահեղ աղքատության վերացում, 5-րդ երեխայի դեպքում՝ բնակարան։ Լավ, ապահով ու բարեկեցիկ կյանքի մասին առաջին անգամը չէին լսում ոչ միայն այս մարզի բնակիչները. տնտեսական բարեկեցության առաջարկը ընտրությունից ընտրություն փոխանցվող խոստում է։

«Եթե արած լինեին, խոսույթը ուրիշ կլիներ....մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որ գոնե այս դասարանն ավարտենք, գործազրկության հարցը լուծենք, դա է մեր ծրագիրը»,- շեշտեց Նարեկ Կարապետյանը: Հարցին, թե ռեսուրսները որո՞նք են, պատասխանեց. «ՀՀ ռեսուրսները բազմապիսի են, հայ ազգի, մեր սփյուռքի...մեծ ռեսուրսներ ունենք»:

Նախընտրական խոստումները բրոշյուրի տեսքով սևանցիներին բաժանեց Սամվել Կարապետյանի եղբորորդին քաղաքի կենտրոնական փողոցով քայլերթի ժամանակ։ Ոմանք լուռ վերցնում էին, ոմանք՝ լուսանկարվում ու ողջագուրվում, ոմանք էլ իրենց խանութների դռները փակ էին պահում ու սրտիկներ փոխանցում՝ թերևս ակնարկելով, որ ՔՊ-ի համակիր են։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG