Մատչելիության հղումներ

Պատմական ընտրություններ են, հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է մասնակցում քարոզարշավի. Նարեկ Կարապետյան

Լրացված

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր առանցքային ուժերից «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը հնարավորություն չունեցավ իր թիմակիցների հետ այսօր քարոզարշավի դուրս գալ: Նա տնային կալանքի տակ է, նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանն այսօր պնդեց՝ ընտրութունների քարոզարշավը մեկնարկեց անհավասար պայմաններում:

«Պատմական շրջան է, ու պատմական ընտրություններ են նրանով, որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին չի մասնակցում: Հիմնական հարցն ի՞նչն է, որ արդարություն խոսք տված իշխանությունն իր ընդդիմադիրին կալանավորել է քաղաքական հոդվածով», - ասաց Նարեկ Կարապետյանը:

Գործարարն անցած տարվա հունիսին կալանավորվեց եկեղեցին պաշտպանելու իր մի քանի րոպե տևած հարցազրույցից հետո, այն իրավապահները որակել էին որպես իշխանությունը զավթելու կոչ: Մոտ կես տարի ԱԱԾ մեկուսարանում անցկացնելուց հետո՝ անցած դեկտեմբերից Կարապետյանը տնային կալանքի տեղափոխվեց: Երեկ իր առանձնատանը մոտ երկուսուկես ժամ պատասխանեց լրագրողների հարցերին, իսկ քարոզարշավի փուլում հանրության հետ ինչպե՞ս է շփվելու: «Ուժեղ Հայաստանից» շատ մանրամասներ չեն հայտնում:

«Հանրային ելույթները հիմնականում տնային կալանքից են լինելու, ցավոք: Մենք այս վիճակում ենք, որովհետև երկրի իշխանությունը հատել է նաև այդ սահմանը», - ասաց Նարեկ Կարապետյանը:

Մոտ 10 ամիս առաջ հիմնադրված ուժից պնդում են, թե Հայաստանում հունիսի 7-ին իշխանություն հենց իրենք են լինելու: Եվ չնայած սահմանադրական արգելքին, որ երկքաղաքացիները չեն կարող լինել, հայտարարում են՝ հաջորդ վարչապետն էլ Սամվել Կարապետյանն է: Նրա թիմակիցներն այսօր քարոզարշավը սկսեցին գործող վարչապետին ուղղված սուր քննադատությամբ: Հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Նիկոլ Փաշինյանն ութ տարի առաջ հենց այս օրն առաջին անգամ ընտրվեց վարչապետ:

«Անցել է 8 տարի, մենք նույն փողոցում ենք կանգնած, գրեթե բան չի փոխվել, միայն մեր երկիրն է փոքրացել», - նշեց Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը Փաշինյանի՝ 2018-ի մայիսի 8-ի ելույթից մեջբերումներ էր առանձնացրել:

«Գիտե՞ք ինչ էր ասում նա այսօր արցախցիներին. «Հիմա այս բարձր ամբիոնից որպես Հայաստանի ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու ուզում եմ սիրո և զորակցության ուղերձ հղել Արցախի Հանրապետությանը և նրա հերոսական ժողովրդին: Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո և համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի պարունակում, այլև նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի և Արցախի պետականության համար»: Պատկերացրեք՝ այս խոսքերի հեղինակը Արցախի ժողովրդին դարձրել է փախստական սեփական հայրենիքում», - հայտարարեց Էդգար Ղազարյանը:

Արցախի կորստի համար Փաշինյանին մեղադրող Սամվել Կարապետյանը ուղիղ է հայտարարել՝ Արցախը վերադարձնելու որևէ տարբերակ չի տեսնում: Իսկ Ղարաբաղի ժողովրդի վերադարձը գուցե տասնամյակներ տևի: Իրենց առաջարկն այս պահին այլ է՝ հաղթելու դեպքում խոստանում են ապահովել նրանց, ինչպես իրենք են ձևակերպում, արժանապատիվ կյանքը Հայաստանում:

Առհասարական խոստումների պակաս այս ուժից չկա: Դրանք այսօր էլ կրկնեցին՝ սկսած սոցիալականից մինչև անվտանգային, մասնավորապես, մի քանի երաշխավորով խաղաղություն: Այդ երկրների թվում դիտարկում են նաև Ռուսաստանը: Մյուս երկուսն էլ Չինաստանն ու Միացյալ Նահանգներն են: Թե ինչպես են «Ուժեղ Հայաստան»-ում հասնելու նրան, որ այս երեք երկրից առնվազն երկուսը լինեն Հայաստանի խաղաղության երաշխավոր, հայտնի չէ:

Այսօր Նարեկ Կարապետյանը դարձյալ քննադատեց իշխանությանը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար: Զուգահեռ էլ, պնդեց, ոչ մի այլ երկրի հետ շոշափելի պայմանավորվածություններ չկան. «Եթե Ֆրանսիան պատրաստ է մեր հետ կնքել ռազմական համագործակցության պայմանագիր, կնքենք, սիրելի հայրենակիցներ, ռեկլամին մի նայեք, բնույթը՝ ի՞նչ են ստորագրել երեկ»:

Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո Սամվել Կարապետյանի աջակիցները շարունակեցին քարոզարշավը իրազեկման ակցիաներով:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG