Ուկրաինայի հյուսիսային Սումիի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են մեկ ընտանիքի երեք անդամներ, այդ թվում՝ 13-ամյա տղա, այսօր հայտնել են իրավապահները:
Տղայի 36-ամյա հայրը և 73-ամյա տատիկը զոհվել են, իսկ մայրն ու երկու քույր-եղբայրները վիրավորվել են գիշերվա հարձակման ժամանակ:
Կիրակի երեկոյան էլ Ուկրաինայի հարավային Օդեսայի մարզին «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով ռուսական կողմի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, Reuters-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է տարածաշրջանի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նրա խոսքով՝ Օդեսայում գտնվող գյուղատնտեսական օբյեկտին հասցված հարվածի հետևանքով ավտոմեքենաներ և վառելիքի պահեստներ են բռնկվել։
Իսկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում վաղ առավոտյան տասնյակ անօդաչու թռչող սարքեր են վնասազերծվել։ Քաղաքի չորս օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները, հայտնել են տեղական իշխանությունները։ Օդանավակայաններն այժմ գործում են, գրում է Reuters-ը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ ռուսական ուժերը Մոսկվա ուղևորվող 60 ԱԹՍ են խոցել։ Պաշտոնյան այլ տեղեկություններ չի հաղորդել։ Նշել է միայն, որ ԱԹՍ-ների խոցման վայրերում արտակարգ իրավիճակների ծառայության անձնակազմեր են ժամանել։