Ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանի սպանությունից մեկ ամիս անց Վարդենիսի զորամասում դարձյալ դեպք է տեղի ունեցել. պահեստազորայինների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, երեք անձ հոսպիտալացվել է, Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Քննչական կոմիտեն հայտնում է` քրեական վարույթ են նախաձեռնել, մեկ անձ ձերբակալված է: Իրավապահները, սակայն, չեն մանրամասնում, թե որ հոդվածով են վարույթ նախաձեռնել:
Մեկ ամիս առաջ նույն զորամասում սպանված 19-ամյա Նարեկ Հակոբյանի մահվան գործով կասկածյալը ծառայակիցն է, նա այժմ կալանավորված է: Հունվարին էլ մահացած էին գտել 18-ամյա Վահան Պետրոսյանին, ըստ իրավապահների՝ նա ինքնասպանություն էր գործել:
«Տարիներ շարունակ երբ որ արձանագրվում են դեպքերը, դա հստակ ցուցանիշ է, որ այնտեղ ինչ-որ բան այն չէ: Թե արդյոք հրամանատարական կազմը ունի քրեական բարքերի որոշակի տարրեր, չեմ կարող ասել, բայց չի բացառվում», - «Ազատության» հետ զրույցում նշեց բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը:
Նույն զորամասում ողբերգակական դեպքեր են տեղի ունեցել նաև նախորդ տարիներին, Մովսեսյանն ընդգծում է՝ այս ամենը վկայում է այնտեղ տիրող բացասական բարքերի մասին:
«Վարդենիսը, ըստ էության, վերջին դեպքերով պայմանավորված՝ այն զորամասերից է, որտեղ բավականին հաճախ են արձանագրվում նման դեպքեր՝ միջանձնային հարաբերությունների, ոչ կանոնադրային հարաբերությունների առկայության, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետ կապված միջադեպերն են բավականին շատ, որոնք հանգեցնում են կա՛մ սպանության, կա՛մ ինքնասպանության», - ասաց իրավապաշտպանը:
2024-ի հոկտեմբերին այս զորամասում մահացած էին գտել 21-ամյա Վահե Հարությունյանին. ըստ իրավապահների՝ նա ինքնասպան է եղել: Տղայի ծնողների խոսքով՝ Վահեն խուսափում էր կոնֆլիկտներից, մայրն այն ժամանակ պատմում էր՝ իրենց հայտնել են, որ Վահեի ծառայակիցը նրան ավելի քան մեկ ամիս թիրախավորել է:
Անցած հունիսին Ալավերդու բարձրահարկ շենքերից մեկում կախված էին հայտնաբերել ժամկետային զինածառայող Էրիկ Բարսեղյանի մարմինը: Ողբերգության մասին Պաշտպանության նախարարությունը չէր հայտնել, ըստ Oragir.news-ի՝ զինծառայողն արձակուրդում էր, ծառայության առաջին վեց ամիսն անցկացրել էր Փամբակի զորամասում ու արձակուրդից հետո Վարդենիս պետք է տեղափոխվեր, սակայն մի քանի անգամ ասել է, որ չի ցանկանում, և օրեր շարունակ մտահոգ է եղել:
«Տվյալ զորամասում առկա չեն համապատասպան վերահսկողության մեխանիզմներ, չկա ղեկավարման այնպիսի մոտեցում, որը ամբողջությամբ հսկողության տակ կպահի զինծառայողներին գոնե այն տեսանկյունից, որ նրանց միջև չլինեն նման հարաբերություններ», - ընդգծեց Մովսեսյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ խախտվում է նաև վերադասների ու նրանց ենթակաների փոխհարաբերությունների կարգը: Ինչո՞ւ են այնտեղ ողբերգությունները պարբերաբար կրկնվում, ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունը կարգուկանոն չի հաստատում, ինչո՞ւ են սպաները թերանում իրենց աշխատանքում. Նազելի Մովսեսյանի խոսքով՝ այս իրավիճակը չէր լինի, եթե պատասխանատվության ենթարկվեին նաև վերադասները, ընդ որում՝ խոսքը Հայաստանի բոլոր զորամասերում արձանագրվող դեպքերի մասին է:
«Եթե հրամանատարական կազմից որևէ մեկը պատասխանատվության ենթարկվի ըստ համապատասխան հանցանքի, բնականաբար, կարող ենք ասել, որ նման դեպքերը հետագայում միտում կունենան նվազելու, որովհետև մարդկանց մոտ կլինի այդ վախը, այսպես ասած, օրենքի առաջ պատասխան տալու», - ընդգծեց իրավապաշտպանը՝ շարունակելով. - «Բազմաթիվ պաշտոնյաներ կան զինվորական, որոնք պատասխանատվություն պիտի կրեն՝ բարոյահոգեբանական գծով համապատասխան հրամանատարը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով համապատասխան ղեկավարը, այսինքն՝ դա մի համակարգ է, որտեղ մեկ օղակի գործունեությունն ուղղակիորեն կախված է մյուսի օրինապահ լինելուց»:
Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն այս տարեսկզբին կարգուկանոնի հաստատման ուղղությամբ լուրջ քայլերից էր խոսում:
«2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ, և սա վերաբերում է հիմնականում կանոնադրական հարաբերությունների խախտմանը», - ասում էր Պապիկյանը:
Նախարարի այս հավաստիացումից հետո Զինված ուժերում այս տարի երեք զինծառայող է մահացել, ըստ իրավապահների՝ մեկ սպանություն ու երկու ինքնասպանություն: