Մատչելիության հղումներ

Պապիկյան. Խաղաղությունը նաև մեր երկրի երկարաժամկետ պաշտպանունակությունն ապահովելու մասին է


Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքի մեջ մտնել, հայտարարում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը: Դա այդպես չէ», - ասաց նախարարը այսօր ասուլիսի ժամանակ:

Խաղաղությանը պատրաստվելիս պետք է ունենալ նաև որոշակի պաշտպանունակություն, 2025-ի գործունեությունն ամփոփելիս ասաց պաշտպանական գերատեսչության ղեկավարը. - «Կարծում եմ՝ խաղաղությունը նաև նրա մասին է, որ մենք հանդարտ, հանգիստ կարող ենք ապահովել մեր երկրի երկարաժամկետ պաշտպանունակությունը, անկախ նրանից՝ սպառնալիքներ կա՞ն, թե՞ չկան»:

Երկու ժամ տևած ասուլիսի ընթացքում Սուրեն Պապիկյանը մի շարք թեմաների անդրադարձավ, պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումից հետո սա նախարարի առաջին հանդիպումն էր լրատվամիջոցների հետ: Մինչ ընդդիմությունն ու փորձագետները պնդում են, որ կես տարով ծառայության նվազեցումը նախընտրական քայլ է և կարող է խնդիրների՝ ծառայողների թվի նվազեցման հանգեցնել, Պապիկյանը վստահեցնում է՝ բաց չի լինի:

«Ըստ էության, պաշտպանության նախարարը չէր կարող նման նախաձեռնությամբ հանդես գալ առանց Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ համաձայնության կամ նրանց կողմից տրված կարծիքի, և կարող եմ նշել, որ մենք այս փուլում արդեն, իմ կողմից նշված հայտերի հանրագումարով արդեն իսկ 2026 թվականի սկզբին մենք լուծել ենք մեկուկես տարի հետո մեր առաջ ծառացած խնդիրը լուծելուն», - ասաց նախարարը:

Պաշտպանության նախարարը չի ընդունում այն պնդումները, թե 25-օրյա վարժական հավաքներն իրականացվում են զինծառայողների թվի պակասը լրացնելու համար, պահեստազորայինները հավաքների մի մասում են վերհիշում ծառայության ընթացքում սովորածը, ապա բարձրանում են դիրքեր՝ մարտական հերթապահության:

«Նախորդ փորձը ցույց է տալիս, որ մեզ, բացի նրանից, որ 25-օրյա վարժական հավաքների ժամանակ պետք է մեր պահեստազորին հիշեցնել իրենց նախկին սովորածը, այլև պետք է էդ մարդկանց տեղում ցույց տալ իրենց ծառայության բնույթը և ձևակերպել նաև խնդիրները: Այսինքն՝ հիմա հակադրության մեջ դնել դրանք՝ դա իրականության հետ ոչ մի աղերս չի ունենա, մենք ստիպված ենք նաև նախորդ փորձը հաշվի առնելով՝ գնալ այս ճանապարհով», - նշեց Պապիկյանը:

Պաշտպանության նախարարը նաև կարգուկանոնից խոսեց. իր բացման խոսքում հայտարարեց, թե անցած տարի ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով սպանություն չի եղել, ու ոչ մի բառ չասաց ինքնասպանությունների մասին. - «2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ, և սա վերաբերում է հիմնականում կանոնադրային հարաբերությունների խախտմանը և դրա հետևանքով սպանությունների դեպքերին: Ես պիտի արձանագրեմ, որ 2025 թվականին այդպիսի դեպքեր չեն արձանագրվել»:

Նախարարը միայն ավելի ուշ՝ լրագրողի հարցին պատասխան խմբագրեց իր հայտարարությունն ու անդրադարձավ նաև ինքնասպանության դեպքերին. վերջին ողբերգական հաղորդագրությունը մի քանի շաբաթ առաջ տարածվեց՝ ժամկետային զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին էին հայտնաբերել, իրավապահները հայտարարեցին, թե նա իրեն ամրակցված զենքից կրակել է գլխին:

«2025 թվականին ծառայության հետ կապված վեց մահվան դեպք է արձանագրվել, որից մեկը՝ կայծակնահարություն, մեկը՝ հոսանքահարման, երկուսը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցման, և երկուսը՝ առողջական խնդիրների պատճառով», - ասաց Պապիկյանը:

Պաշտպանության նախարարը հերքում է այն պնդումները, թե Սյունիքում ՝ Սև լճի տարածքում կան դիրքեր, որտեղ ադրբեջանցիները ստուգում են հայ զինծառայողներին, նոր թողնում հենակետ գնալ: 2021-ին ադրբեջանական ուժերը Սև լճի հատվածում առաջացան: Միևնույն ժամանակ, Պապիկյանն ընդունեց՝ այնտեղ մի հայկական դիրք կա, ուր հասնելու համար հայ զինծառայողներն այժմ ադրբեջանցիների կողքով են անցնում.- «Ընտրանքը հետևյալն է՝ կա՛մ պիտի էդ դիրքը թողնենք, կա՛մ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով: Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը՝ որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառուն: Բայց այն, որ էստեղ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ, մյուս ընտրանքը, մանավանդ մեր օրերում, երբ այսօր ունենք խաղաղություն փաստացի, և, ըստ էության, էն, ինչ նկարագրում եք, դա տեղի չի ունենում, մեր զինվորները անցնում են, ոչ, ասում եմ՝ այս պահին մենք նման իրականություն չունենք, անցնում են ադրբեջանական դիրքի կողքով: Ես կարող եմ ասել, որ ամիսներ շարունակ որևէ խնդիրներ այդտեղ չեն առաջանում»:

Ի՞նչ նոր զինատեսակներ է ձեռք բերել Պաշտպանության նախարարությունը ու ի՞նչ է ծրագրում գնել առաջիկայում, Պապիկյանը չմանրամասնեց:

Ասուլիսի ընթացքում նա նաև հայտնեց սպասվող այլ փոփոխությունների մասին, պատրաստվում են փոխել «Պաշտպան Հայրենյաց» ծրագիրը: Հինգ տարով կնքված պայմանագրի ավարտից հետո զինվորականները կկարողանան երկու կամ ևս հինգ տարով երկարաձգել այն ու ծառայության ավարտին է՛լ ավելի մեծ պատվովճար ստանալ: Ընդհանուր տասը տարի ծառայելու համար պետությունը 10 միլիոն դրամ պատվովճար կտրամադրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG