Մատչելիության հղումներ

Ժնևում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարը և ԱԷՄԳ ղեկավարը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի և ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսի, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի և ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսի, արխիվ

Իրանի արտգործնախարարն այսօր Ժնևում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ՝ քննարկելու երկրի միջուկային ծրագիրը:

Հանդիպումը, որից մանրամասներ դեռ չեն հաղորդվում, տեղի է ունենում Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցություններից մեկ օր առաջ՝ լուծելու միջուկային ծրագրի շուրջ վեճը և կանխելու հնարավոր պատերազմը:

Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ սպառնալիքներն Իրան չեն վախեցնի:

«Ես Ժնևում եմ՝ արդար և հավասար համաձայնագրի հասնելու իրական գաղափարներով։ Սպառնալիքներին ենթարկվելը չի քննարկվում», - պնդել է Արաղչին:

Ժնևյան բանակցություններից առաջ այսօր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում, որտեղ ԱՄՆ-ն մեծ ուժեր է կուտակել և Իրանին ռազմական գործողություններով է սպառնում, եթե Թեհրանը գործարքի չգնա:

Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» անունով զորավարժությունների նպատակն է ստուգել զորքի պատրաստվածությունը «անվտանգության և ռազմական հնարավոր սպառնալիքների» դեմ:

ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարում են, թե Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ խաղաղ նպատակներով է հարստացնում ուրանը: Իրանն ու ԱՄՆ-ն այս ամսվա սկզբին վերսկսեցին բանակցությունները։ ԱՄՆ-ն արդեն երկրորդ ավիակիրն է ուղարկել տարածաշրջան, ինչը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, վկայում է, որ Վաշինգտոնը պատրաստվում է երկարատև ռազմական գործողությունների, եթե բանակցությունները ձախողվեն:

XS
SM
MD
LG