Մատչելիության հղումներ

Ժնևի բանակցություններից առաջ Իրանը զորավարժություն է անցկացրել Հորմուզի նեղուցում

Իրանի ռազմածովային ուժերի զորավարժություններ, արխիվ
Իրանի ռազմածովային ուժերի զորավարժություններ, արխիվ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ վաղը Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի միջև նախատեսված բանակցություններից մեկ օր առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ` «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» անունով զորավարժությունների նպատակն է ստուգել զորքի պատրաստվածությունը «անվտանգության և ռազմական հնարավոր սպառնալիքների» դեմ:

Իրանն ու ԱՄՆ-ն այս ամսվա սկզբին վերսկսեցին բանակցությունները՝ տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու և նոր ռազմական բախումը կանխելու համար։ ԱՄՆ-ն մեծ թվով ռազմական տեխնիկա և զորք է ուղարկել տարածաշրջան, որտեղ ուղևորվում է արդեն երկրորդ ավիակիրը: Ամերիկացի պաշտոնյաները Reuters-ին ասել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է երկարատև ռազմական գործողությունների, եթե բանակցությունները ձախողվեն:

Մինչ այդ Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է փոխզիջումների՝ միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու համար, եթե Վաշինգտոնն էլ պատրաստ լինի քննարկել պատժամիջոցները վերացնելու հարցը:

BBC-ին տված հարցազրույցում Մաջիդ Թախտ-Ռավանչին շեշտել է՝ Թեհրանը միակողմանի զիջումների չի գնա, և հիմա գնդակն ԱՄՆ դաշտում է, որը պետք է ապացուցի, որ ցանկանում է գործարք կնքել։

«Մենք պատրաստ ենք քննարկել այս և մեր միջուկային ծրագրին վերաբերող այլ հարցեր, եթե նրանք ևս պատրաստ լինեն խոսել պատժամիջոցների մասին: Քանզի այդ ապօրինի պատժամիջոցները ևս պետք է լինեն բանակցությունների սեղանին», - ասել է իրանցի դիվանագետը:

Իրանի արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության դեպարտամենտի փոխտնօրենն էլ հայտարարել է՝ Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ այնպիսի համաձայնության, որը տնտեսապես շահավետ կլինի երկու կողմերի համար:

XS
SM
MD
LG