Մի քանի, այդ թվում՝ կաշառք ստանալու հոդվածով մեղադրվող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և որդին այսօր դարձյալ Հակակոռուպցիոն դատարանում էին: Այս նիստում քննվում են Ղուկասյանի նախորդ պաշտոնավարմանն առնչվող դրվագները։
Ըստ մեղադրողների՝ Գյումրիի քաղաքապետը տարիներ առաջ պաշտոնեական դիրքն է չարաշահել, կեղծիք կատարել ու փողեր լվացել, որդին էլ նրան օժանդակել է։ Շուրջ 40 դրվագով առաջադրված մեղադրանքը Ղուկասյանը չի ընդունում, պնդում է, թե քաղաքական պատվեր է։ Այսօր դատարանում հայտարարեց՝ եթե իրեն հողերի օտարման համար են դատում, ապա մեղադրյալի աթոռին իր պես բազմաթիվ պաշտոնյաներ պետք է լինեն։
«Ինչ մեղադրանք որ առաջադրել եք ինձ՝ Գյումրու քաղաքապետին, դուք՝ դատախազությունը պետք է այդ մեղադրանքը առաջադրեք և՛ իմ ժամանակահատվածի աշխատող մարզպետներին, որովհետև մարզպետարանները վերահսկել են քաղաքապետարանի բոլոր գործունեությունը և քաղաքաշինության բաժինները։ Ինչ փաստաթուղթ, որ եղել է քաղաքապետարանում, բնօրինակը գնացել է մարզպետարան, նույն հոդվածը պետք է առաջադրեք քաղաքաշինության նախարարին, քաղաքատեսչության պետին, տարածքային կառավարման նախարարին, ֆինանսների նախարարին, նախագահների վերահսկող ծառայության պետերին և վարչապետի վերահսկողական պետերին և վերահսկիչ պալատին, որ տարին մի քանի անգամ ստուգել են քաղաքապետարանի գործունեությունը։ Ես պահանջում եմ, որ բոլոր այդ տարիներին ստուգող կառույցների իրենց վերջում ներկայացրած այդ արձանագրությունները պահանջեք, որ բերեն այստեղ, տեսնենք՝ ինչ խախտումներ են կատարվել», - ասաց նա։
Ղուկասյանը մեղադրվում է հողային օրենսգրքի 60 հոդվածով արգելված հողատարածքներն օտարելու համար։ Այսօր շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Նրանք հենց այն մարդիկ են, ովքեր ժամանակին հողեր են գնել, պնդում էին, թե շատ բան չեն հիշում։ Հարցաքննվեցին նաև Ղուկասյանի նախորդ պաշտոնավարման ժամանակ աշխատած պաշտոնյաները, ովքեր մասնակցել են կազմակերպված աճուրդներին։
Նիստի ընթացքում Ղուկասյանը հասցրեց նաև բողոքել երկրի կառավարումից. «90 տոկոսը երկրի քաղաքապետերի և գյուղապետերի դատվում է։ Այս ի՞նչ վիճակ է։ Այսպե՞ս է երկիրը կառուցվում, այսպե՞ս է նախկինից փոխանցվել այսօրվանի վրա ու համապատասխան ձևով այս ձևի»:
Այս տարի այս գործով դատական վերջին նիստն էր։ Այս դատավարությունը կշարունակվի փետրվարին։
Մանրամասները՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.