Մատչելիության հղումներ

Ըստ FT-ի՝ ԱՄՆ-ն Կիևին ստիպում է գարնանը նախագահական ընտրություններ անցկացնել. Ուկրաինան հերքում է

Ուկրաինան հերքել է Financial Times-ի հրապարակումը, թե Կիևը փետրվարի 24-ին կհայտարարի գարնանը նախագահական ընտրություններ և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվե անցկացնելու մասին։

Նախագահի աշխատակազմից «Укринформ» կայքին ասել են, որ Վլադիմիր Զելենսկին դեմ չէ ընտրություններին, սակայն մինչ այդ պետք է ապահովվի դրանց անցկացման անվտանգությունը:

«Եթե ռուսներն ամեն օր մարդկանց են սպանում, ինչպե՞ս կարելի է հայտարարել կամ լրջորեն քննարկել առաջիկա շաբաթներին ընտրությունների անցկացումը։ Ոչ ոք դեմ չէ ընտրություններին, բայց պետք է լինի անվտանգություն»,- Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել են «Укринформ»-ին:

Զելենսկին իր հերթին սոցցանցում գրել է, որ ռուսական վերջին հարձակումներն ապացուցում են՝ անվտանգությունը հիմա Կիևի համար գլխավոր առաջնահերթություն է, իսկ մնացած հարցերը պետք է լուծվեն դրա հետ համատեղ։

Ուկրաինայի նախագահի խոսքով.- «Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է մարդկանց սպանել և ոչնչացնել մեր ենթակառուցվածքները, նույնիսկ ակտիվ դիվանագիտության նկատմամբ բավարար հանրային վստահություն չի լինի»։

Մինչ այդ բրիտանական հեղինակավոր թերթը, եվրոպացի պաշտոնյաներին հղումով, հայտնել էր, թե Ուկրաինան, նման քայլի է գնում ԱՄՆ ճնշման տակ: Ըստ Financial Times-ի՝ Սպիտակ տունը Կիևից պահանջել է խաղաղության շուրջ բանակցություններն ավարտել գարնանը, իսկ ընտրություններն անցկացնել մինչև մայիսի 15-ը՝ սպառնալով հակառակ դեպքում չտրամադրել անվտանգության երաշխիքներ:

Reuters-ն իր հերթին անցած շաբաթ հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկում են շրջանակային համաձայնագիր, ըստ որի՝ խաղաղ կարգավորման պայմանները Ուկրաինայում կդրվեն հանրաքվեի: Այն կհամընկնի նախագահական ընտրությունների անցկացման հետ, որոնք կարող են տեղի ունենալ մայիսին:

Ուկրաինայի նախագահը մշտապես հայտարարել է, որ ընտրություններն անհնար են, քանի դեռ երկրում ռազմական դրություն է, միլիոնավոր ուկրաինացիներ՝ տեղահանված, իսկ երկրի մոտ 20%-ը՝ ռուսական օկուպացիայի տակ։ Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ դրանց անցկացման համար անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Անցած ուրբաթ էլ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջարկում է պատերազմը դադարեցնել մինչև ամառ։

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ դեռ վաղ է Ուկրաինայում հնարավոր ընտրությունների մասին խոսելը: Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք ընտրությունների և հանրաքվեի անցկացման մասին հնարավոր հայտարարությունը կարող է ազդել հակամարտության ելքի վրա, ինչին Դմիտրի Պեսկովը պատասխանել է. - «Մենք պետք է ուշադիր հետևենք այս տեղեկատվական հոսքերին, իհարկե, նկատ ունենք դրանք, բայց միևնույն է, հիմնվենք միայն սկզբնաղբյուրների վրա: Իսկ սկզբաղբյուրներից նման հայտարարություններ մինչ օրս չեն եղել»:

Ու մինչ անորոշ է Ուկրաինայում հնարավոր ընտրությունների հեռանկարը, Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում միասնականության կոչ է արել Եվրոպային: Նա նշել է, որ Եվրոպան պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկի իր անվտանգությունն ապահովելու համար, ավելի շատ համատեղ սպառազինություն արտադրի և ավելի շատ առաջադեմ կարողություններ ստեղծի:

«Եթե եվրոպացիները գործեն առանձին, պետք է նկատի ունենան, որ աշխարհում շատերն են Եվրոպային դեմ հանդես գալիս։ Եվրոպայում միասնությունը բոլորիս է անհրաժեշտ։ Հենց այս ուղղությամբ էլ մենք այժմ աշխատում ենք»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Այս ֆոնին Եվրախորհրդարանն այսօր հաստատել է Ուկրաինային առաջիկա երկու տարում 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը: Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան սոցցանցում գրել է, որ սա «կենսական աջակցություն է» Ուկրաինային։ 30 միլիարդ եվրոն Կիևը կստանա որպես մակրոֆինանսական օգնություն կամ պետբյուջեի աջակցություն, իսկ 60 միլիարդը կհատկացվի երկրի պաշտպանական կարողությունները հզորացնելու, ռազմական տեխնիկա գնելու համար, որպեսզի դիմակայի ռուսական ագրեսիային:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինային հյուսիսատլանտյան դաշինքի միջոցով ամերիկյան զենք տրամադրելու նոր մեխանիզմի գործարկումից հետո վեց ամսվա ընթացքում դաշնակիցները պարտավորվել են 4.5 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնել Ուկրաինայի առաջնահերթ կարիքների համար:

Մեթյու Ուիթաքերն ասել է, որ ամենաշատ միջոցներ տրամադրող երեք առաջատարներն են Գերմանիան, Նիդեռլանդները և Նորվեգիան, որոնք ոչ միայն զգալի ներդրում են ունեցել, այլև մյուս երկրներին ակտիվ խրախուսել են հետևել իրենց օրինակին:

Խարկովը՝ ռուսական հարվածներից հետո
Խարկովը՝ ռուսական հարվածներից հետո

Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները: Խարկովի մարզի Բոգոդուխով քաղաքում ռուսական անօդաչուի հարվածից սպանվել են մի տղամարդ ու նրա երեք մանկահասակ երեխաները, ևս մեկ մարդ վիրավորվել է:

Կիևի քաղաքապետը հայտնել է, որ էներգետիկ համակարգին ռուսական հարվածների հասցրած վնասի պատճառով մայրաքաղաքում 1400 շենք դեռ զրկված է ջեռուցումից: Ավելի քան 95,000 մարդ էլ առանց էլեկտրաէներգիայի է մնացել Օդեսայի հարավային հատվածում:

Դնեպրոպետրովսկում ռուսական զինուժը հարվածել է երկաթուղային համակարգին, վնասվել են ենթակառուցվածքներ և լոկոմոտիվներ:

Ուկրաինական զինուժն իր հերթին գիշերը հարվածել է Ռոստովին: Վոլգոգրադում էլ հարվածել են «Լուկոյլ»-ին պատկանող նավթավերամշակման գործարանի:

XS
SM
MD
LG