Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքել են Financial Times-ի հրապարակումն այն մասին, թե Կիևը փետրվարի 24-ին հայտարարելու է նախագահական ընտրությունների և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեի անցկացման մասին ։ РБК-Україна-ի՝ նախագահի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ անվտանգության իրավիճակը մնում է առանցքային պայման, և նման որոշումները չեն կարող ընդունվել առանց կայուն անվտանգության միջավայրի։

Ավելի վաղ բրիտանական Financial Times-ը գրել էր, որ Ուկրաինան սկսել է նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրությունների և խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեի անցկացմանը՝ հղում անելով ընտրությունների պլանավորման գործընթացում ներգրավված եվրոպացի պաշտոնյաներին։

Թերթը նշում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի վրա ուժեղ ճնշում է բանեցնում, որպեսզի արդեն գարնանը ավարտվեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները: Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմը պահանջել է, որ Կիևը քվեարկությունն անցկացնի մինչև մայիսի 15-ը՝ հակառակ դեպքում սպառնալով Ուկրաինային չտրամադրել անվտանգության երաշխիքներ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ ուրբաթ լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ-ն առաջարկում է պատերազմը դադարեցնել մինչև ամռան սկիզբ։ Զելենսկին նախկինում պարբերաբար հայտարարել է, որ ընտրություններն անհնար են, քանի դեռ ռազմական դրությունն ուժի մեջ է, միլիոնավոր ուկրաինացիներ տեղահանված են, իսկ երկրի մոտ 20%-ը գտնվում է Ռուսաստանի օկուպացիայի տակ։

FT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Զելենսկին մտադիր է նախագահական ընտրությունների և հանրաքվեի անցկացման ծրագրերի մասին հայտարարել փետրվարի 24-ին՝ Ուկրաինան Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցին։


XS
SM
MD
LG