Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով, հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է: Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:
Նախօրեին մինչ դատարանը քննում էր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, նիստին զուգահեռ դատարանի բակում Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա էին անում նրա կուսակիցներն ու համախոհները:
Իրավապահների և ակցիայի մասնակիցների միջև քաշքշոց էր սկսվել, երբ ոստիկանները որոշեցին բացել ճանապարհը, ու քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացրին նրանց այդ հատվածից, որից հետո սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: