Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվում՝ «Ազատության» տեղեկություններով:
Բերման է ենթարկվել Գյուլագարակի նախկին գյուղապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Մհեր Գևորգյանը: Նրա որդին Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում է, իսկ Գևորգյանը քաղաքական ուժի աջակիցներից է:
Տեղեկություններ կան, որ խուզարկություններ են իրականացվել նաև Գյուլագարակի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանի բնակարանում: Վերջինս ևս ընդգրկված է «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակում: Այվազյանի հետ այս պահին հնարավոր չէ կապ հաստատել: Հայտնի չէ՝ նա բերման է ենթարկվել, թե ոչ, և արդյոք կան ձերբակալվածներ:
Ավելի ուշ Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ:
Մեր տեղեկություններով՝ ևս երկու հոգի՝ «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ, ներկայումս «Ուժեղ Հայաստանի» աջակիցներ Վահե Դավթյանը և Արսեն Միկոյանը, բերման են ենթարկվել: Քննչական կոմիտեն դեռևս չի հայտնում, թե նրանք ինչ կարգավիճակ ունեն, սակայն հայտնի է, որ նրանց տեղափոխել են Սպիտակի և Ստեփանավանի ոստիկանության բաժանմունքներ:
18:17- Լրացում
Վրույր Այվազյանն ու Մհեր Գևորգյանը քիչ առաջ դուրս են եկել ոստիկանության բաժանմունքներից: Նրանք ոստիկանություն են տարվել վկայի կարգավիճակով: Մյուս երկուսի մասով դեռ տեղեկություններ չկան:
Վրույր Այվազյանն այս պահին արդեն տանն է: «Ազատությանը» փոխանցեց, որ տնից խուզարկությունների ընթացքում առգրավել են կնոջ և մոր անձնական հեռախոսները, երկու համակարգիչ, նշումներ պարունակող այլ իրեր: