Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան»-ում դաշինքը չգրանցելու միտում են տեսնում

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում, 11-ը ապրիլի, 2026թ.
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում, 11-ը ապրիլի, 2026թ.

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ում միտում են տեսնում, թե կուսակցության անդամներին ընտրակաշառքի ու ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու՝ վերջին օրերին ներկայացվող մեղադրանքներով իրենց դաշինքը չգրանցելու հող է նախապատրաստվում:

Քաղաքական ռեպրեսիաներ՝ քրեական գործիքակազմով. կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն այսպես է քրեական գործերը մեկնաբանել:

«Սա նաև փորձ է իշխող ուժի համար, իրենց համար իբրև թե հիմքեր ապահովել, որպեսզի կարողանան փորձել չգրանցել մեր ուժը», - հայտարարում է Ղահրամանյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին օրերին «Ուժեղ Հայաստան»-ի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչների և աջակիցների ընտրակաշառք ստանալու և տալու, նախընտրական շրջանում արգելված բարեգործություն անելու հոդվածներով մեղադրանքներ է ներկայացրել:

Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներից Դավիթ Ղազինյանը պնդում է՝ դեմ են ընտրակաշառքին:

«Հիմա եթե մի հատ Հարկայինի տեսուչ կաշառք է վերցրել, թող վարչապետը հրաժարական տա, եթե էդ լոգիկայով ենք գնում: Մենք հայտարարում ենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեմ է ըտրակաշառք բաժանելուն, անգամ՝ խոստանալուն, և յուրաքանչյուր մարդ, որը այդ քայլը կանի, ինքը մեզ էլ է դեմ, այսպես ասած: Հիմա դրանից հետո արդեն մի դեպք, ինչ-որ, եթե անգամ, նորից եմ կրկնում՝ չկա էդպիսի բան, եթե անգամ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին նվեր տա, է, ի՞նչ անենք, ծնունդների՞ չգնանք, մեր բարեկամների հետ հարազատությո՞ւն չանենք», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ղազինյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, մինչդեռ, ասաց. - «Առարկություն գրանցման հարցում կարող է լինել, եթե անհրաժեշտ փաստաթղթերը, այսինքն՝ գրանցման համար անհրաժեշտ պայմանները բավարարված չեն»:

«Ինչ վերաբերում է ընդհանրապես այս կամ այն քաղաքական ուժի՝ կլինի կուսակցություն, կուսակցությունների դաշինք, որևէ մեկի, ասենք, իրավական, իրավապահ համակարգից, թե ով ինչ քրեական հետապնդում, չգիտեմ, վարչական, ասենք, տուգանք, և այլն, և այլն, էդ ամեն ինչը կապ չունի», - վստահեցրեց Հովակիմյանը:

Կուսակցություններին ու դաշինքներին գրանցողը ԿԸՀ-ն է: Վահագն Հովակիմյաննն այսօր Ընտրական օրենսգիրքն էր մատնանշում, պնդում էր՝ քննվող քրեական գործերը ընտրություններում կուսակցությունը գրանցելու հետ կապ չեն կարող ունենալ. - «Որպեսզի քաղաքական ուժը՝ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, չգրանցվի, նա պետք է ջանք և եռանդ ներդնի, այսինքն՝ իր փաստաթղթերը թերի ներկայացնի և հրաժարվի լրացնել այդ թերի փաստաթղթերը: Այլ իրավիճակ չգրանցելու Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում»:

Ընտրական օրենսգրքում մի քանի հոդված է նկարագրում կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակը գրանցել-մերժելու գործընթացը: Ըստ այդմ՝ ընտրություններին մասնակցության հայտը կարորղ է մերժվել, եթե չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ դրանք թերի են կամ կեղծված, կամ եթե կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է: Գրանցումը մերժելու համար ԿԸՀ 7 անդամներից առնվազն 5-ը պետք է դրան կողմ լինի: Նույն սկզբունքով՝ առնվազն 5 անդամների որոշմամբ կարող է արդեն գրանցված մասնակցությունը անվավեր ճանաչվել, եթե հայտնի դառնա, որ կուսակցության փաստաթղթերը կեղծված են: Արդեն գրանցված կուսակցությունը կարող է դուրս մնալ ընտրապայքարից նաև դատարանի որոշմամբ, եթե քաղաքական ուժը սահմանցած ժամկետում նախընտրական հիմնադրամ չբացի, ԿԸՀ-ն էլ դիմի դատարան: ԿԸՀ-ն դատարան կարող է դիմել նաև եթե խախտումներ հայտնաբերի նախընտրական հիմնադրամի ծախսերում կամ արձանագրի, որ առկա է նախընտրական քարոզչության շարունակական խախտում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Դատարանը գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե եզրակացնի, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից: Բոլոր այս դեպքերում որոշումները կարող են բողոքարկվել միայն վարչական դատարանում:

«Ընտրական օրենսգրքի համակարգված խախտումներ, կեղծարարության, նախապատրաստման՝ համատարած, հետևողական ... կրկնում եմ՝ ընտրական օրենսգրքի համակարգված՝ քաղաքական ուժի կողմից, այսինքն՝ ոչ թե անհատների, այլ քաղաքական ուժի կողմից, այդ դեպքում, նման դեպք ունենալու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել դատարան՝ կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով; Բայց դա պիտի լինի ծանրակշիռ փաստերի պարագայում: Էս դեպքում վարչական դատարանը գործը քննում է, էսպես ասենք, արագ և 5-հոգանոց կազմով, և վճիռը էս դեպքում անմիջապես ուժի մեջ է մտնում: Այսինքն, նկատի ունեմ, էդ նման գործերը եռաստիճան բողոքարկման ինստիտուտով չեն անցնում», - ընդգծեց Վահագն Հովակիմյանը:

Որ ուժերը կգրանցվեն, որոնք՝ ոչ, պարզ կդառնա մայիսի 3-ին, երեկոյան ժամը 6-ին:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG