Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր խմբակցությունները մերժում են, ՔՊ-ն ընդունում է Աննա Հակոբյանի հրավերը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, արխիվ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, արխիվ

Ընտանեկան բռնության թեմայով վարչապետի տիկնոջ հետ ցանկություն չունեն խոսելու թե՛ «Ուժեղ Հայաստան» ու թե՛ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։

«Ես հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին», - հայտարարել է Աննա Հակոբյանը:

«Ո՛չ։ Ցանկություն խմբակցությունը չունի», - այսօր լրագրողների հարցին արձագանքեց Նարեկ Կարապետյանը:

Փետրվարին Փաշինյանին ու կառավարական ամառանոցը լքելու մասին հայտարարած Աննա Հակոբյանը տուն ու ամուսնու մոտ վերադարձավ ամիսներ անց, միանգամից սկսեց արշավ ընտանեկան բռնության դեմ։

«Որևէ տղամարդ չգիտի, որ կնոջը ապտակելը, իր կնոջը ապտակելը դատապարտելի քրեական հանցագործություն է», - ասում էր վարչապետի տիկինը:

Հուլիսի 2-ից մինչև այժմ նա սոցցանցի իր հարթակում, սրճարաններում, զբոսայգիներում, մեքենայում խոսել է միայն այս մասին՝ ընդհանուր առմամբ շուրջ 140 րոպե, 20 տեսանյութերում։

Աննա Հակոբյանը կարծում է, որ հրատապ է Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն ամրագրելը, որ պատասխանատվություն նախատեսվի բռնության բոլոր տեսակների համար։ Եվ այս օրենսդրական փոփոխությունների քննարկմանն առաջարկում էր միանալ նաև ընդդիմադիրներին, թեպետ օրենսդրական այս փոփոխության համար իշխող թիմի ձայները պակաս չեն։

«Պատրաստվում եմ ընդդիմադիր երկու խմբակցությունների կին պատգամավորներին նույնպես առաջարկել այս փուլում միանալ աշխատանքներին՝ ձգտելով, որ օրենքի նախագիծը Հայաստանի խորհրդարանում ընդունվի միաձայն», - նշում էր վարչապետի տիկինը:

Հայաստանում ընտանեկան բռնությունը թեմա է, հատկապես որ թվերն էլ աճում ու աճում են։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այս տարվա առաջին վեց ամսում արդեն 1794 քրեական գործ են քննել։ Դատարան ուղարկված գործերից մեծ մասում բռնարարը ամուսինն է կամ զուգընկերը։

Խնդիրը լուրջ է, ինչո՞ւ է ընդդիմությունը մերժում այն քննարկել առաջին տիկնոջ հետ։

«Եթե տիկինը մտահոգ է այդ առումով, կարծում եմ՝ առաջինը պետք է սկսի իր ընտանիքից», - հայտարարեց ընդդիմադիրներից Մարիաննա Ղահրամանյանը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը նշում է՝ ընտանեկան բռնությունը դատապարտում են, բայց ուզում են, որ Հակոբյանը ամուսնու վարքագծին ուշադրություն դարձնի։ Կանանց նկատմամբ հոգեբանական բռնության տեսարաններ նրա մասնակցությամբ բոլորն են տեսել. - «Մետրոյում հայ կնոջը անչափահաս երեխայի ներկայությամբ հոգեբանական բռնության ենթարկեց, բարձր տոնով նրա հետ խոսեց, որակումներ տվեց, ապա քարոզարշավի ընթացքում քաշքշում էր կնոջը, որին հետո աշխատանքից հեռացրին»։

Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» կանայք պատրաստվում են հանդիպման Աննա Հակոբյանի հետ, ողջունում նրա նախաձեռնությունը։

Խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ասաց․ - «Մեր կանայք նախաձեռնել են և ունեն այդ նախագիծը։ Այդ նախագծի շրջանակում հնարավոր է լինել որոշակի փոփոխություններ։ Ինչպիսի փոփոխություններ և ինչ շրջանակում՝ ընթացքում կխոսենք: Այո, ինձ հրավերը եկել է, ես կմասնակցեմ և կկիսվեմ ձեզ հետ»։

Շուրջ 20 տարի ընտանեկան բռնության խնդրով զբաղվող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում ընտանեկան բռնության վիճակագրությունը չի բարելավվում, բայց պատճառը բոլորովին էլ Քրեական օրենսգիրքը չէ։

«Քրեական օրենսդրության տարբեր հոդվածներում, որոնք վերաբերում են թե՛ սպանությանը, թե՛ մարդու և նրա իրավունքների տարբեր խախտումներին, կան ավելի ծանրացնող հանգամանքներով պայմանավորված հոդվածներ, և ընտանեկան բռնության պարագայում, երբ հանցագործությունը կատարվում է մերձավոր ազգականի կողմից, ավելի խիստ պատժելի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Վստահ է՝ օրենքի խստացումը ոչինչ չի փոխելու։ «Մենք դեռևս չենք կիրառում հավուր պատշաճի այն օրենսդրական բազան, որը արդեն իսկ կա», - ընդգծեց իրավապաշտպանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ իրավապահ համակարգը չի պաշտպանում բռնության ենթարկված կնոջը, չեն գործում նրան պաշտպանող մեխանիզմները, որոնք կան սևով սպիտակի վրա։

«Շրջվում են այդ միջոցները կանանց դեմ, և փաստացի իրավապահ համակարգը չի կարողանում պաշտպանել կանանց բռնությունից արդեն իսկ ամրագրված օրենքների և իրավական կառուցակարգերի առկայության պարագայում», - նշեց Զարուհի Հովհաննիսյանը:

Իրավապահ համակարգի անգործության մասին լսում ենք նաև Աննա Հակոբյանի տեսանյութերում. - «Այդ կինը ութ անգամ ուղիղ դիմել է ոստիկանություն իր հանդեպ բռնության դեպքի առիթով, ութ անգամ էլ իր հաղորդումը չի ընդունվել, և ոստիկանները հավանաբար կրկին ասել են՝ «դե տուն է, ընտանիք է, ամեն ինչ պատահում է, բոլորիս տներում էլ պատահում է, ինչ ես պատմություն սարքել, գնա, ամուսինդ այսօր կծեծի, վաղը կսիրի»: Էսպիսի հայտնի խոսակցությամբ այս կնոջը ուղարկել են հետ ութ անգամ դիմելուց հետո, և ութ անգամ պաշտպանություն չստանալուց հետո այս կնոջը այդ ամուսինը սպանել է»։

Ի դեպ, ի տարբերություն «Կրթությունը նորաձև է» շարժման ու Կաթողիկոսին գահից իջեցնելու արշավանքի, Փաշինյան-Հակոբյան զույգը ընտանեկան բռնության հարցում գոնե հրապարակային հարթակում ներդաշնակ չէ։ Վարչապետը տիկնոջ սկսած այս նոր գործին տեսանյութերով, գրառումներով առայժմ չի աջակցում, երաժշտական սրտիկ ուղերձներն են ուժի մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG