Մարդու իրավունքների պաշտպանը չի զբաղվում վարչապետի հետ միջադեպից հետո աշխատանքից ազատված բժշկուհու գործով: Անահիտ Մանասյանի գրասենյակից փոխանցեցին, թե բողոք չեն ստացել, թե չէ Պաշտպանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է ուսումնասիրել հարցը: Թե ինչո՞ւ Մանասյանն ինքնուրույն ուսումնասիրություն չի նախաձեռնում, ինչի լիազորությունն ունի, պարզ չէ:
Զեյթունի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի ղեկավար Արփինե Սողոյանը քարոզարշավի ընթացքում վարչապետի հետ վիճելուց ու նրան քննադատելուց երկու ամիս անց ծանուցագիր ստացավ ազատվելու մասին:
Ընդդիմադիր հայացքներ ունեցող բժշկուհու փաստաբաններն այժմ աշխատում են հայցադիմումի վրա: Նրա դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը, դատարանում կբողոքարկի քաղաքապետարանի որոշումը, ըստ որի՝ հաստիքներն են կրճատվել: Հարցնում է՝ ինչպե՞ս կարող էին կանանց կոնսուլտացիայի բաժանմունքը չփակել, բայց ազատել բաժանմունքի ղեկավարին: Ստորաբաժանումն առաջին հերթն ղեկավար պետք է ունենա, քաղաքապետարանի պատճառաբանությունը ոչ իրավաչափ է համարում փաստաբանը:
«Չի կարող լինել որևէ տրամաբանություն, եթե զուգահեռ չկարողանան բերեն, որ կա առողջապահական առաջնային պահպանման կլինիկայում կամ որևէ բուժհաստատությունում որևէ ստորաբաժանում, որը կա և որը չունի ինքնին, որպես այդպիսին, ղեկավարի հաստիք», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Տաթևիկ Սողոյանը:
Երևանի քաղաքապետարանն իր հաղորդագրությունում նշել էր, թե բաժանմունքի ղեկավարի պարտականությունները կկատարի կենտրոնի փոխտնօրենը: Բայց նույն այդ փոխտնօրենը չի կարող կատարել գինեկոլոգ Սողոյանի գործը, որն առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո ավելացել է, նկատում է փաստաբանն ու ընդգծում՝ այս անտրամաբանական որոշումը վկայում է հենց հաշվեհարդարի մասին:
«Քանի՞ կարող է օրինակ քաղաքապետարանը բերել, քանի՞ ստորաբաժանում, որտեղ կա բաժին, բայց չկա բաժնի վարիչ: Դա, իհարկե, խտրականության դրսևորում է, որ ակնհայտ է՝ էդ կրճատումը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով», - նշեց Տաթևիկ Սողոյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, սակայն, ամիսներ առաջ պնդել էր՝ բժշկուհուն աշխատանքից չեն ազատի իր քաղաքական հայացքների պատճառով: Այսօր արդեն քաղաքապետարանը պնդում է, որ թե այս կրճատումները հունվարից են, բոլոր բուժհաստատություններում են և կապ ունեն առողջության պարտադիր ապահովագրության հետ: Ընդգծում են, թե բաժնի վարիչը հավելյալ հաստիք է և լրացուցիչ ֆինանսական բեռ է իրենց համար: Բայց թե ի՞նչ կապ ունի ապահովագրությունն այս կրճատումների հետ, ինչո՞ւ է այս հաստիքը հիմա լրացուցիչ բեռ, և քանի՞ բուժհաստատությունում են մասնագետների ազատել, քաղաքապետարանը չի մանրամասնում: Առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել:
Ինքը՝ բժշկուհի Սողոյանն օրերս «Ազատության» հետ զրույցում նկատել էր՝ պետական ապահովագրության ներդրումից հետո իրենց ծանրաբեռնվածությունն ավելացել է, և իրեն ազատելով՝ 10 հազար կանանց սպասարկումը կմնա չորսի փոխարեն երեք գինեկոլոգի ուսերին:
«Տրամաբանություն չկա: Չէ, բնականաբար կանանց թիվը մնում է՝ 10 հազար 600-ը մնում է, դա չի պակասում», - ասել էր Արփինե Սողոյանը:
Իրավապաշտպան Աննա Մելիքյանը քաղաքապետարանի բացատրությունը համոզիչ չի համարում:
«Այս դեպքում մեծացել է ծանրաբեռնվածությունը, ոչ թե փոքրացել է, ուստի փոքր-ինչ համոզիչ չէ, որ հաստիքների կրճատում է տեղի ունեցել, էդ իմաստով: Օրենսդրությունը սահմանում է, որ կրճատման հիմքով կարող ես գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատել էն դեպքում, երբ որ աշխատանքի ծավալների փոփոխություն է տեղի ունեցել, ու հնարավոր չէ նույն ծավալով, այսպես ասած, պահպանել հաստիքները», - նշեց Մելիքյանը:
Պնդում է՝ քաղաքապետարանն առնվազն պետք է իր հաղորդագրությունում նաև նշեր, թե քանի բուժհաստատությունում է կրճատումներ արել: Նման նշում չկա, բայց կան կասկածներ, որ խտրականություն է դրսևորվել, նկատում է իրավապաշտպանը:
«Քանի դեռ քաղաքապետարանը այլ բան չի հիմնավորում ու համոզիչ փաստարկներ չի ներկայացնում, ցավոք սրտի, իրոք հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, որ կամայական որոշում է՝ պայմանավորված քաղաքական հայացքներով», - ընդգծեց Աննա Մելիքյանը:
Իրավապաշտպանի փորձը ցույց է տալիս, որ անցանկալի աշխատողից ազատվելու ուղիղ ճանապարհը հաստիքների կրճատումն է: Նրա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սովորաբար դրանից հետո գործատուները վերականգնում են այդ հաստիքները՝ իրենց ուզած աշխատողով:
Զեյթունի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքը հիմնադրած ու այն 21 տարի ղեկավարած Արփինե Սողոյանն առաջին ընդդիմադիր հայացքներով մասմնագետը չէ, որ ազատվեց աշխատանքից: Մեկ շաբաթ առաջ էլ Երևանի Պետական համալսարանը չերկարացրեց փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի պայմանագիրը: Ընտրություններից հետո աշխատանքից ազատվել էր նաև դեղերի փորձագիտական կենտրոնի փոխտնօրենը, ով «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանի քույրն է: Արմավիրի պետական քոլեջում շաբաթներ առաջ աշխատանքը կորցրեց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր թեկնածու Հայաստան Հակոբյանը: