Հակակոռուպցիոն կոմիտեն «Իմ քայլը» հիմնադրամի հետ կապված ուսումնասիրությունների արդյունքում քրեական օրենքով նախատեսված որևէ հանցագործության հանցակազմի հատկանիշներ չի հայտնաբերել, այսօր հայտնեց կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
«Իրավական առումով հիմքեր չունենք, որպեսզի մենք որևէ դեպքի առումով նախաձեռնենք քրեական վարույթ»,- ասաց Նահապետյանը։
Դեռ ապրիլին, «Անկախ դիտորդ»-ից հայտնել էին, թե դատարան են դիմել՝ Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով: Նրանց գնահատմամբ՝ նախընտրական փուլում Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը խախտել է բարեգործության արգելքը:
Վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանն էլ հայտարարեց՝ «Անկախ դիտորդ» դաշինքի և դրա անդամ Դանիել Իոաննիսյանի դեմ իրավական գործընթաց սկսելու մասին: Հակոբյանը պնդել էր, թե դիտորդական կազմակերպության հայտարարությամբ խախտվել է իր՝ Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները, նաև Քրեական օրենսգիրքը: