Իրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության, այլ հրթիռների միջոցով, իսկ բանակցություններում պարզապես պարտադրում է փոխըմբռնում, հայտարարել է Իրանի գլխավոր բանակցողը այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց, թե Թեհրանը զգալի զիջումների է գնացել:
Խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցում գրել է, որ Իրանը չի վստահում երաշխիքներին կամ խոսքերին, և միայն գործողություններն են կարևոր։
«Ոչ մի գործողություն չի ձեռնարկվի, մինչև մյուս կողմը չձեռնարկի գործողություններ։ Ցանկացած համաձայնագրի հաղթողը նա է, ով լավագույնս է պատրաստ հաջորդ օրվա պատերազմին», - ընդգծել է Ղալիբաֆը:
Մինչ այդ ամերիկյան և միջազգային մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ ԱՄՆ-ն ու Իրանը հրադադարը երկարաձգելու նախնական համաձայնության են եկել, որը, սակայն, դեռ պետք է վերջնական հաստատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ գործարքի՝ հրադադարը կերկարաձգվի ևս 60 օրով, Իրանը կվերաբացի Հորմուզի նեղուցը, իսկ այդ ընթացքում կողմերը կբանակցեն ավելի բարդ խնդիրների շուրջ, օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրի։
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալն էլ հայտարարել է, թե Հորմուզի նեղուցը վերաբացելու պայմանին համաձայնելուց բացի՝ Իրանը նաև շատ այլ «նշանակալի, էական և դրամատիկ» զիջումների է գնացել։ Fox News-ին տված հարցազրույցում Սթիվեն Միլլերը, սակայն, չի մանրամասնել՝ միայն ասել է, որ դրանք հանրությանը կներկայացվեն «առաջիկայում»։
«Մարտի դաշտում կրած պարտության և իր տնտեսությունը շարունակաբար խեղդող էմբարգոյի շնորհիվ Իրանը նշանակալի, նյութական և արմատական զիջումներ է արել ԱՄՆ-ին, ինչն անհնար կլիներ ընդամենը կարճ ժամանակ առաջ», - պնդել է Միլլերը:
Իրանական կիսապաշտոնական Tasnim-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ համաձայնագրի տեքստը վերջին օրերին փոփոխվել է և դեռ վերջնական տեսքի չի բերվել։ Ըստ գործակալության՝ հաստատվելուց հետո Իրանն այն կփոխանցվի միջնորդ Պակիստանին և դրա մասին կտեղեկացնի հանրությանը:
ԱՄՆ նախագահը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է շատ մեծ լծակներ ունենալ Իրանի հետ բանակցություններում, և զգուշացրել է՝ եթե դրանք ցանկալի արդյունք չտան, ԱՄՆ-ն ստիպված կլինի վերսկսել ռազմական գործողությունները։
«Նրանք շատ լավ բանակցողներ են, նրանք խորամանկ են։ Բայց, ի վերջո, մենք ունենք բոլոր խաղաքարտերը, քանզի մենք նրանց ռազմական առումով հաղթել ենք», - նշել է Թրամփը։
ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ կողմերը մոտ են գործարքի, սակայն դեռ չեն հասել այդ կետին։ Ըստ Ջեյ Դի Վենսի՝ ԱՄՆ-ն այնպիսի դիրքում է, որ կարող է զգալիորեն հետ մղել Թեհրանի միջուկային ծրագիրը շատ երկար ժամանակով։
«Եվ դա շատ, շատ լավ է ամերիկացի ժողովրդի համար։ Այսպիսով, մենք դեռ չենք հասել այդ կետին, բայց շատ մոտ ենք գործարքին։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ», - ասել է Վենսը։
Ու մինչ Վաշինգտոնը դեռ չի հանրայնացնում, թե ինչ զիջումների է գնացել Իրանը, Թեհրանն էլ հայտարարում է, որ չի վստահում Վաշինգտոնին, Իսրայելի բանակը շարունակել է ռազմական գործողություններն Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» և «Համաս» խմբավորումների դեմ Լիբանանում և Գազայի հատվածում, կան զոհեր:
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը հայտնել է, որ «Հեզբոլա»-ին «աննախադեպ» վնաս է պատճառվել: Էյալ Զամիրի պնդմամբ՝ պատերազմի սկզբից ի վեր խմբավորման 2 հազար 500 զինվոր է սպանվել։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, թե բանակին հրահանգել է ընդլայնել Գազայի հատվածում Իսրայելի վերահսկողությունը մինչև 70 տոկոս։
«Մենք այժմ ճնշում ենք գործադրում «Համաս»-ի վրա: Հիմա մենք վերահսկում ենք Գազայի հատվածի 60 տոկոսը, դուք գիտեք սա ... Իմ հրահանգն է ընդլայնել այն ... Եկեք քայլ առ քայլ գնանք։ Նախ՝ 70 տոկոսի։ Եկեք սկսենք դրանից», - հայտարարել է Նեթանյահուն:
Պաղեստինը դատապարտել է Գազայի դեմ հարձակումները՝ նշելով, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը և հրադադարի հետ կապված բոլոր համաձայնագրերն ու պայմանավորվածությունները: Արտգործնախարարությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ միջնորդ և երաշխավոր պետություններին կոչ է արել անհապաղ ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ «հանցագործությունները դադարեցնելու համար»: Իսկ Գազայի վերահսկողությունը մինչ 70 տոկոս ընդլայնելու մասին Նեթանյահուի հայտարարությունը խախտում է «Թրամփի տեսլականը» և լրջորեն խարխլում հրադադարի հիմքերը, նշվում է նախարարության հայտարարությունում: