Մատչելիության հղումներ

Ղալիբաֆ. Իրանը զիջումների է հասնում հրթիռների միջոցով և պարտադրում է փոխըմբռնում

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆ, արխիվ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆ, արխիվ

Իրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության, այլ հրթիռների միջոցով, իսկ բանակցություններում պարզապես պարտադրում է փոխըմբռնում, հայտարարել է երկրի գլխավոր բանակցողը այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց, թե Թեհրանը զգալի զիջումների է գնացել:

Խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցում գրել է, որ Իրանը չի վստահում երաշխիքներին կամ խոսքերին, և միայն գործողություններ են կարևոր։

«Ոչ մի գործողություն չի ձեռնարկվի, մինչև մյուս կողմը չձեռնարկի գործողություններ։ Ցանկացած համաձայնագրի հաղթողը նա է, ով լավագույնս է պատրաստ հաջորդ օրվա պատերազմին», - ընդգծել է Ղալիբաֆը:

Ամերիկյան և միջազգային մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ ԱՄՆ-ն ու Իրանը հրադադարը երկարաձգելու նախնական համաձայնության են եկել, որը, սակայն, դեռ պետք է վերջնական հաստատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ գործարքի՝ հրադադարը կերկարաձգվի ևս 60 օրով, Իրանը կվերաբացի Հորմուզի նեղուցը, իսկ այդ ընթացքում կողմերը կբանակցեն ավելի բարդ խնդիրների շուրջ, օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրի։

Սպիտակ տան ներկայացուցիչը, մասնավորապես, հայտարարել է, թե Հորմուզի նեղուցը վերաբացելու պայմանին համաձայնելուց բացի՝ Իրանը նաև շատ այլ «նշանակալի, էական և դրամատիկ» զիջումների է գնացել։


XS
SM
MD
LG