Մատչելիության հղումներ

Իրանի հարցում «բոլոր խաղաքարտերն» ԱՄՆ-ի ձեռքում են. Թրամփ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է շատ մեծ լծակներ ունենալ Իրանի հետ բանակցություններում և զգուշացրել է, որ եթե բանակցությունները ցանկալի արդյունք չտան, ռազմական գործողությունները մնում են հնարավոր տարբերակ։

«Ես բանակցում եմ։ Նրանք բանակցում են։ Նրանք շատ լավ բանակցողներ են, նրանք խորամանկ են»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Դոնալդ Թրամփը և հավելել․ «Բայց, ի վերջո, մենք ունենք բոլոր խաղաքարտերը, քանի որ մենք նրանց ռազմական առումով հաղթել ենք»։

Նա նաև մատնանշեց ԱՄՆ-ի նախկին հարվածները, այդ թվում՝ B-2 ռմբակոծիչների միջոցով՝ ասելով, որ դրանք հետ են գցել Իրանի միջուկային նկրտումները: «Եթե մենք չհարվածեինք նրանց… նրանք հիմա միջուկային զենք կունենային»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփի հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Վաշինգտոնը շարունակում է տնտեսական ճնշում գործադրել դիվանագիտական միջամտությանը զուգահեռ: Հինգշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց նոր պատժամիջոցների մասին, որոնք ուղղված են Իրանի նավթարդյունաբերության դեմ, այդ թվում՝ մի քանի նավերի, որոնք մեղադրվում են հում նավթ և նավթամթերք տեղափոխելու մեջ:

Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ միջոցառումների նպատակն է կանխել Թեհրանի կողմից զինված ուժերի վերականգնման համար նախատեսված եկամուտների ավելացումը։

Ամերիկյան և միջազգային մի շարք լրատվամիջոցներ երեկվանից գրում են, որ ԱՄՆ-ն ու Իրանը գործող հրադադարը երկարաձգելու նախնական համաձայնություն են ձեռք բերել, և որ այն այժմ սպասում է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջնական հաստատմանը։

Սպիտակ տունը չի մեկնաբանում այս տեղեկությունները: Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնը «դեռ չի հասել այդ կետին»՝ ավելացնելով, սակայն, որ կողմերը մոտ են։

XS
SM
MD
LG