Մատչելիության հղումներ

Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ը և Իրանը նախնական համաձայնություն են ձեռք բերել

Թեհրան, արխիվ
Թեհրան, արխիվ

Մի շարք ամերիկյան և միջազգային ԶԼՄ-ներ գրում են, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը գործող հրադադարը երկարաձգելու նախնական համաձայնություն են ձեռք բերել, և որ այն այժմ սպասում է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջնական հաստատմանը։

Reuters-ը նախօրեին գրել էր, որ գործարքը հրադադարի ռեժիմը կերկարաձգի ևս 60 օրով՝ միաժամանակ ապահովելով Հորմուզի նեղուցով ազատ երթևեկությունը։ Այդ ընթացքում բանակցողները կանդրադառնան ավելի բարդ խնդիրների, օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրին։

Նախագահ Թրամփը դեռևս չի հաստատել համաձայնագիրը։ Սպիտակ տնից նույնպես չեն մեկնաբանում շրջանառվող տեղեկությունները, հայնտում է Reuters-ը։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնը «դեռ չի հասել այդ կետին»՝ ավելացնելով, սակայն, որ կողմերը մոտ են։

«Դժվար է հստակորեն ասել, թե ե՞րբ կամ արդյո՞ք նախագահը ստորագրելու է փոխըմբռնման հուշագիրը, - ասել է Վենսը՝ հավելելով․ - Չեմ կարող երաշխավորել, թե կհասնենք այդ կետին, բայց այս պահին շատ լավ եմ զգում այս մասով»։

Թեհրանից ևս չեն մեկնաբանում համաձայնության վերաբերյալ լուրերը։ Իրանական Tasnim-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի չի բերվել և հաստատված չէ։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկից՝ փետրվարի 28-ից հետո, Թեհրանը փաստացի անանցանելի է պահում նավթամթերքի համաշխարհային մատակարարումների համար կարևոր Հորմուզի նեղուցը։ ԱՄՆ-ն, իր հերթին, շրջափակման ներքո է պահում իրանական նավահանգիստները։

Չնայած լարվածությանը, կողմերն ապրիլի 8-ից անժամկետ հրադադարի ռեժիմում են գտնվում, թեև ռազմական գործողությունների տարբերակը, Թրամփի խոսքով, մնում է սեղանին։


XS
SM
MD
LG