Մատչելիության հղումներ

Մենք բանալիները չենք հանձնել, բիրտ ուժով արված պատարագը պատարագ չէ. Տեր Նշան


Ուժով կատարված պատարագը պատարագ չէ, բիրտ ուժով արված պատարագը պատարագ չէ, լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի քահանաներից Տեր Նշան Պանֆյորովը:

«Ուրիշի կանոնի և վիճակի մեջ մտնելը նզովքի արժանի բան է», - Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Արմավիրի թեմի քահանայի մատուցած պատարագից հետո ասաց Տեր Նշանը:

Վարչապետը, այլ պաշտոնատար անձինք այսօր մասնակցեցին Յոթ Վերք եկեղեցում մատուցված պատարագին, որի ժամանակ զեղչվեցին ինչպես Ամենայն Հայոց կաթողիկոսի, այնպես էլ թեմի առաջնորդի՝ ազատազրկված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները: Շիրակի թեմի քահանաները բոյկոտել էին այս պատարագը՝ հայտարարելով, որ իրենցից որևէ մեկը չի մասնակցի մի պատարագի, որտեղ չեզոքացվելու է կաթողիկոսի անունը:

«Հստակ ասված էր, որ եկեղեցու բանալիները պիտի հանձնեք, մենք բանալիները չենք հանձնել, ուղղակի այդ թուղթը դրել ենք, կնքել ենք և դուրս ենք եկել», - նշեց նա:

Շիրակի թեմի քահանաները երեկոյան ստորագրություններով թղթով կնիքել են եկեղեցու դռներն ու դուրս եկել: Այդ դռների հետևում Յոթ Վերքի գույքն է եղել, նաև սպասքը, որը կիրառվում է պատարագ մատուցելիս: Քահաները, ըստ էության, չեն համաձայնել նաև այս գույքը տրամադրել, քանի որ գտել են, որ այլ թեմի քահանայի կողմից Շիրակում մատուցվելիք պատարագը կեղծ է:

Թեմի հոգևորականները երեկվա հայտարարության մեջ նշել էին, որ սա եկեղեցու բռնազավթում է:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, ասել է, թե «այնտեղ, որտեղ ժողովուրդն է, որտեղ պատարագ է հնչում, չի կարող բռնազավթում լինել»:

XS
SM
MD
LG