Սրբազանի մասով երդումը միայն Աստծունն է, և «մեզ որևիցե մեկը ոչ երդում տվել է, ոչ էլ մենք դրա ցանկությունն ունենք», Գյումրիում ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Արարատի թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը հավատարմության խոստում է՞ տվել իշխող թիմին:
«Մեր նպատակն այն է, որ որևիցե ձևով եկեղեցին խառնված չլինի պետության գործերի մեջ», - նշեց Սիմոնյանը:
Վերջինս, ինչպես նաև վարչապետը, այլ պաշտոնատար անձինք այսօր մասնակցեցին Յոթ Վերք եկեղեցում պատարագին, որը մատուցեց Արմավիրի թեմի քահանան: Պատարագին ներկա էին նաև Փաշինյանի հետ հանդիպած 8 եպիսկոպոսներից մի քանիսը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ինչպես նաև Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը:
Երեկ տարածած հայտարարությամբ Շիրակի թեմի քահանաները վերահաստատել էին, որ իրենցից որևէ մեկը չի մասնակցի մի պատարագի, որտեղ չեզոքացվելու է Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը: Ավելին՝ շեշտել էին՝ եթե իրենցից բացի, որևէ մեկը պատարագ մատուցի առաջնորդանիստ եկեղեցում, դա կնշանակի Յոթ Վերքի բռնազավթում:
Հարցին, թե համաձա՞յն է, որ այստեղ պատարագ մատուցելով՝ բռնազավթում է իրականացվել, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ այնտեղ, որտեղ ժողովուրդն է, որտեղ պատարագ է հնչում, չի կարող բռնազավթում լինել»:
Իսկ ի՞նչ հետևություն կարելի է անել նրանից, որ Շիրակի թեմի որևէ հոգևորական չի համաձայնել մատուցել վարչապետի պայմաններով պատարագը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն Մայր Աթոռ Էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարագը, դա իմ անձնական կարծիքն է, չգիտեմ՝ վարչապետն ինչ կարծիք ունի դրա մասին»: