Հայաստանի 82-րդ ամենախոշոր ընկերությունը՝ «Արարատի ցեմենտ»-ի գործարանն արդեն ավելի քան 24 ժամ է չի գործում: Գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկություններին, նրա ձերբակալությանը զուգահեռ երեկ քննիչները նաև Ծառուկյաններին պատկանող խոշոր ընկերություններն էին խուզարկում, որոնք այնուհետև կապարակնքել են՝ դադարեցնելով գործունեությունը:
Ինչ իրավիճակ է գործարանում
«Ազատությունն» այսօր այցելեց գործարան: Ծառուկյաններին պատկանող ընկերության աշխատակիցները պնդում են՝ եկել են, խուզարկել, կապարակնքել ու հեռացել՝ ոչ մի հստակ պարզաբանում, թե մինչև երբ, չեն ներկայացրել: Իրավապահներն «Արարատցեմենտ» են գնացել առավոտ շուտ՝ այն պահին, երբ հերթափոխ պետք է լիներ:
«Արարատի ցեմենտի» գործարանի աշխատակիցներից ցեմենտագործ Զոյա Բալյանը, ով արդեն ավելի քան 50 տարի այստեղ է աշխատում, պնդում է՝ իրավապահների շտապողականության պաճառով կարող էր մեծ վթար լինել՝ ողբերգական հետևանքներով: Նրա խոսքով՝ նույնիսկ ժամանակ չեն տվել ինչպես հարկն է դադարեցնել աշխատանքը, որ անվտանգ լինի: Մինչ իրավապահների գալն արդեն մի վթարային իրավիճակ են ունեցել, լավ է՝ գոնե կարողացել են համոզել, որ մի քանի աշխատակից վառարանին ու հաստոցներին մոտենա:
«Արարատի ցեմենտի» գործարանում ևս շուրջ 1000 մարդ է աշխատում: Կինը պնդում է՝ Արարատի բնակիչները հենց այս գործարանի աշխատանքով են տուն պահում, իսկ ինչ կլինի հետո. «Էսօր փակել գործարանը, այսինքն՝ էդ ժողովուրդն ի՞նչ պետք է անի...սոված պիտի սատկեն, չէ՞, մենք էլ հետները..»:
Ի՞նչ են անելու հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցները, գոնե աշխատավարձ կստանա՞ն, հարցրինք ընկերության ղեկավարին.
«Վճարելու համար առաջին հերթին պետք է նաև վաճառք և իրացում, եթե գործարանը չի աշխատում, եթե երեկ ամբողջ օրն իրացում չի եղել, այսօր նույնպես...
Այսինքն՝ առաջին հերթին ֆինանսական հոսքեր չունենք, ֆինանսական մուտքեր չունենք, հետագա ընթացքը ոնց կլինի, երևի շատ բան նաև դրանից է կախված, անկախ ցանկությունից պետք է նաև միջոցներ, էդ ամեն ինչն ապահովելու համար»,- ասում է «Արարատցեմենտի» գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը:
Պատմում է՝ իրավապահները կապարակնքել են գործարանի վարչական շենքի մուտքը, առանց այդ անհրաժեշտ վարչական բաժինների աշխատել չեն կարող.
«Վարչական շենքի բոլոր աշխատասենյակները կապարակնքեցին, վարչական շենքի մուտքը կապարակնքեցին: Այսպիսով՝ փորձելով պարալիզացնել ամբողջ գործարանի աշխատանքը...ղեկավարություն, հաշվապահություն, առանց որի գործարանի աշխատանքն, իհարկե, ապահովել հնարավոր չէ»,- պատմեց Պողոսյանը:
Վարչապետ Փաշինյանը նախընտրական շրջանում հայտարարեց, թե մտադիր են պետության վերադարձնել «Արարատցեմենտը»: Գլխավոր դատախազությունը, որն այս գործարանի մասնավորեցմանն առնչվող քրեական գործ է հարուցել, առաջարկել է կառավարությանը այնտեղ ժամանակավոր կառավարիչ նշանակել: Սակայն պետականացմանն ուղղված կոնկրետ քայլերի մասին կառավարությունը դեռ չի հայտարարել: Գործարանը մինչև երեկ առավոտ աշխատում էր սովորական ռեժիմով:
Ավելի քան 10,000 մարդ՝ հարկադիր պարապուրդում է. Տոնոյան
Երեկ կապարակնքել են նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատը, «Մուլտի Սթոուն» ընկերությունը, «Մուլտի Վելնես» մարզասրահը, Օլիմպավան կենտրոնը, «Փարավոն» ռեստորանը, չի գործում նաև Ծառուկյանի ղեկավարած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Իվետա Տոնոյանի խոսքով հարկադիր պարապուրդի մեջ է ավելի քան տասը հազար աշխատակից.
«Պարզապես, ուզում եմ հասկանամ, թե տնտեսության ողնաշարը կոտրելու հետևողական այս նախաձեռնությունը որքանով է նպատակահարմար։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ քաղաքական վրեժխնդրությունից դրդված ցանկացած գնով նպատակին հասնելու անհաղորդ ու մեծ ցանկություն ունեն օրվա իշխանությունները, բայց, ցավով պետք է տեղեկացնեմ, որ տնտեսության ողնաշարը կոտրելու և տնտեսությունը փշրելուն ուղղված այս գործընթացն իրականում լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով, որովհետև տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են գործազուրկ»,- ասում է ԲՀԿ առաջնորդի խոսնակը:
Միայն «Արարատցեմենտը» այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում շուրջ մեկ միլիարդ դրամի հարկեր է վճարել ու Հայաստանի 82-րդ խոշոր հարկատու ընկերությունն է, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանը 321-րդն է վճարած շուրջ 265 միլիոն դրամով, առաջատար դիրքերում է «Փարավոն» ռեստորանը. այն երկրի 52-րդ ամենախոշոր ընկերությունն է վճարած շուրջ 1.5 միլիարդ դրամով: