Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են նախօրեին կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Անահիտ Մանասյանի գրասենյակի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ը նաև ուսումնասիրություն է սկսել Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի առնչությամբ:
«Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող այլ հարցերը: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման», - հայտնել է Պաշտպանի գրասենյակը։
Երեկ՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշումից րոպեներ անց, Քննչական կոմիտեն տեսանյութ տարածեց, որում երևում էր, թե ինչպես են ԱԱԾ մոտ տասը աշխատակիցներ գործարարի առանձնատանը ուժ կիրառում նրա նկատմամբ, քաշում ոտքից ու պառկեցնում գետնին:
Հաջորդիվ կադրերում Գագիկ Ծառուկյանն իր դաստակներից փոքր ձեռնաշղթաներով տեղափոխվում է Քննչական կոմիտե: ՄԻՊ-ը հայտնել է, որ պետական մարմիններից ֆիզիկական ուժի և ձեռնաշղթայի կիրառման անհրաժեշտության, հիմքերի և այլ հանգամանքների առնչությամբ համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալուց հետո կամփոփի ուսումնասիրության արդյունքները։
«Ներկայացվել են մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ, ըստ այդ մտահոգությունների, վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր», - նշում է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ Հայաստանում ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ:
«Ձեռնաշղթայի կամ ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի ձերբակալված լինելու հանգամանքով, այլ պետք է հիմնված լինի կոնկրետ փաստական հանգամանքների վրա, որոնք կարող են վկայել, օրինակ՝ դիմադրության, փախուստի, ինքնավնասման կամ այլ անձանց անվտանգությանը սպառնացող իրական վտանգի մասին։ Եթե անհրաժեշտ է համարվում անձի նկատմամբ ձեռնաշղթա կիրառել, այն ոչ մի դեպքում չպետք է չափազանց ամուր լինի և պետք է կիրառվի միայն այնքան ժամանակ, որքան դա խիստ անհրաժեշտ է», - հայտարարել է Պաշտպանը: