Մատչելիության հղումներ

Ծառուկյանը քննադատում է Երևանի քաղաքապետին, Ավինյանը զգուշացնում է՝ զբաղվելու է ապօրինի շինություններով

«Քաղաքապետը որ իմանա՝ ինքը քաղաքապետ ա, ոչ թե մայկա-տրուսիկ տպող, որ հաճոյանա վարչապետին, նա այդ հաճոյանալը, պետք է հաճոյանա Ավինյանը երևանցիներին». - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը Երևանի քաղաքապետի ստեղծագործական մտքին այսպես արձագանքեց։ Շապիկին պատկերված եռագլուխ հրեշը, ըստ ՔՊ-ական մեկնաբանության, ընդդիմադիր մրցակիցների՝ գործարարներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստվերային միասնության խորհրդանիշն է։

Վարչապետ Փաշինյանին այս շապիկն այնքան է դուր եկել, որ իր էջում է տեղադրել։ Ծառուկյանն էլ դրան պատասխանեց՝ հիշեցնելով Ավինյանի ու Փաշինյանի օդում մնացած մեգախոստումները. - «Էսքան ժամանակ նա պետք է կառուցեր մետրոների կայաններ, մետրոներ, թունելներ, ճանապարհներ, ոչ թե տրուսիկ-մայկա տպեր, որ Նիկոլ Փաշինյանը ասի՝ հալալ ա։ Ավինյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ, որ նոր էին եկել իշխանության, ասում էին՝ «Արցախը Հայաստան ա և վերջ, մենք չենք եկել Արցախը հանձնելու համար, Արցախը Հայաստան ա ու վերջ»։ Կարճ ժամանակում հայտարարեց, որ «Արցախը Ադրբեջան ա ու վերջ»։

Ծառուկյանի այս մեկնաբանությունից հետո Երևանի քաղաքապետն ուղիղ եթերում զգուշացրեց՝ հենց արձակուրդից վերադառնա, կզբաղվի ապօրինի շինությունների հարցերով. - «Պարոն վարչապետ, Գագիկ Ծառուկյանը ինձ կոչ ա արել գնալ և զբաղվել քաղաքային գործերով՝ մայկա-տրուսիկի փոխարեն։ Ես կարծում եմ՝ հենց արձակուրդից վերադառնամ, արձակուրդում եմ ուղղակի, էլի, հիմա, բայց անպայման հենց վերադառնամ՝ մի հատ էդ ապօրինի շինություններով արվի գործողություններ»։

«Իհարկե», - արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թե ինչու այս ութ տարվա ընթացքում ապօրինի շինությունների հարցը իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի ավարտել, Փաշինյանն ու Ավինյանը չքննարկեցին։

«Ժողովուրդ ջան, ութը տարի ա, ասեք մի բան, որ արվել ա». - «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդն այս հարցի պատասխանն այսօր էլ փորձում էր լսել Արագածոտնի մարզի բնակիչներից: Ինչ խոստացան՝ հակառակն արեցին, համայնքներում կրկնում էր Ծառուկյանը՝ Փաշինյանի տապալված խոստումները հիշեցնելով։

«Ի՞նչ են արել ժողովրդի համար, աշխատավարձ բարձրացե՞լ ա, աշխատատեղ էղել ա՞: Ղարաբաղը հանձնել ենք, էլի հանձնում ենք, էլի պետք է հանձնենք։ Էսօր հիմնականում միայն դատարկ-դատարկ խոսքեր են, ասելով երկիրը զարգացրել, ծաղկացրել ... մտնի բոլոր տեղերը նայի, մարդկանց նայի՝ վարկեր, տուրքեր, տույժեր, գույքարկ ավելացնել ու ոչ մի բան», - ասում էր Ծառուկյանը:

«Թոշակառուն ինչո՞վ պտի ապրի, էդ քու 10 հազար դրամդ, Նիկոլ, օր տվել ես, ո՞ւմ ես տվել», - ասաց մի տարեց տղամարդ:

Ինքն էլ է ժամանակին հավատացել հեղափոխության առաջնորդ Փաշինյանի գեղեցիկ խոսքերին ու հետո համոզվել, որ չի կարողանում խոսքին տեր կանգնել, Արագածավանի բնակիչների հետ հանդիպմանը խոստովանեց Գագիկ Ծառուկյանը:

«Ես էլ եմ մեղավոր: Հավատալով գնացել եմ հրապարակ, ժողովրդին հարցրել եմ՝ «ո՞ւմ եք ուզում», որ անհրաժեշտ էր հեղափոխության, հավաքվել էին: Գնացել ենք՝ հավատալով խոսքին, գեղեցիկ խոսքերին, գնացինք: Հիմա տեսեք, չի կարում իր ասածները անի՝ եղբայր ջան, թող գնան: Էսօր ժողովուրդը մեղավոր չի, չի ստացվում՝ թող գնան, ինչի՞ մասին ա խոսքը: Ես կարծում եմ՝ իրանց մեծամասնությունը կա՛մ անգրագետ ա, կա՛մ տառերը գիտի, իրենց գրած իմաստը չեն հասկանում: Որ ասենք եթե ստորագրում ես պայմանագիր կամ Ադրբեջանի հետ, թուղթ ես ստորագրում Եվրոպայի հետ, գոնե իմաստը պետք է հասկանաս՝ դա մեր երկրին, ժողովրդին օգուտ ա՞, թե՞ վնաս», - հայտարարում էր ԲՀԿ առաջնորդը:

Ըստ նախկին պատգամավորի՝ Հայաստանի համար վտանգավոր թեմաներից է Եվրասիական տնտեսական միությունից Եվրամիություն թեքվելը։ Գործարար Ծառուկյանը Եվրասիական տնտեսական միությանն է կողմնակից։ Ի՞նչ են գտել Եվրոպայի մեջ, այսօր էլ զայրացավ Ռուսաստանի ու Բելառուսի հետ իր կապերով հպարտացող Ծառուկյանը։ Բելառուսի նախագահը Գագիկ Ծառուկյանի մտերիմն է։

«Եվրոպայից եկան, Եվրոպա, Եվրոպա, ի՞նչ ա արել Եվրոպան, օդի մեջ դատարկ-դատարկ խոսեցին, գնացին։ Եվրոպան իր գլուխը չի կարողանում պահել, ձեր ցավը տանեմ», - նշեց ԲՀԿ առաջնորդը:

«Պտի աշխատանք լինի, սեր ու միություն լինի, Սովետական Միության կարգեր, ընկեր Ծառուկյան ջան», - ասաց հանդիպման մեկ այլ տարեց մասնակից:

«Համաձայն եմ, գիտեմ։ Էսօր կրթության համար էլ ասեմ՝ դրել են Բոլոնիայի ծրագիր, ժողովուրդ, ամենաուժեղ ծրագիրը Սովետական Միության կրթական ծրագիրն էր», - արձագանքեց ԲՀԿ առաջնորդը:

Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը նախորդ՝ 2021-ի ընտրություններում էլ էր պայքարում, բայց ակտիվ քարոզարշավ չէին անում ու նվազագույն շեմն էլ չհաղթահարեցին։ Այս անգամ ակտիվ են, ցուցակը նորից գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, բայց վարչապետի թեկնածուի անուն մինչև հիմա չեն նշում։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG