Մատչելիության հղումներ

Ընտրարշավը սկսեցին ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, «Միասնության թևեր»-ը, «Բոլորին դեմ եմ»-ը

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ


«Ոչ մեկն էլ կռիվ չի ուզում, մենք կռվի դուռը պետք է փակենք, ամուր փակենք, որ դրա մասին չմտածենք», - հայտարարում է իշխանության համար պայքարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը:

Որ հայ - ադրբեջանական կռվի դուռը ամուր փակվի, երաշխավորներ են պետք, համոզված է Գագիկ Ծառուկյանը:

«Խաղաղությունը պետք է լինի երաշխավորած։ Չինաստանը, Ամերիկան և Ռուսաստանը երաշխավորում են, որ իրենք պաշտպանում են Հայաստանին, որ պատերազմ պետք է չլինի, պետք է Հայաստանը պատերազմի դուռը փակի», - պնդում է ԲՀԿ առաջնորդը:

Գագիկ Ծառուկյանը պետության անվտանգության մասին իր պատկերացումները պատմել է մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը՝ նախօրեին, Արարատի մարզի գյուղերում։

Այսօր քարոզարշավի առաջին օրն են հրապարակել հանդիպումները, որ ավանդական ոճով են անցել։ Գործարար նախկին պատգամավոր Ծառուկյանին ու նրա թիմակիցներին աղ ու հացով են դիմավորել, «Քոչարի» պարել։

Հիմա ո՞րն է խաղաղությունը, ադրբեջանական զորքերը հայկական սարերի վրա նստած են, տարակուսում է «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը։

Չնայած խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, բայց Ծառուկյանը պնդում է՝ ադրբեջանցիների հետ գործող իշխանության պայմանավորվածությունները բանավոր են, երաշխիք չկա։ Եթե Ռուսաստանի հետ դաշնակցությունից էլ հրաժարվեն, Հայաստանը Արցախի ճակատագրին կարժանանա, վատ կանխատեսում ունի Գագիկ Ծառուկյանը։

«Ռուսաստանը բացթողումներ ունի, ես չեմ ասում 100 տոկոս, բայց դա երկկողմանի է։ Պետք է նստեն կլոր սեղանի շուրջ, հարցադրումը դնեն, լսեն, ասեն՝ ոնց կարա լինել, ոնց պետք է լինի։ Մենք էսօր սովոր ենք, գիտենք, ընկերությունն էլ, շրջապատն էլ, շուկան էլ: Ես էսօր կարամ ասեմ բարձրաձայն՝ եթե որոշում կայացվեց Ռուսաստանից հրաժարվեցինք, մեկ տարվա ընթացքում լինելու է ոնց որ Արցախը եղավ: Հիշո՞ւմ եք՝ 20 թվականին ասեցի, որ Արցախը կորցնելու ենք չորս ամիս հետո՝ հունիս, հուլսի, օգոստոս, սեպտեմբեր: Հիմա էլ ասում եմ բոլորիդ՝ եթե Ռուսաստանից մենք հրաժարվեցինք, իմացեք՝ մի տարի հետո դառնալու է Արցախ», - հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը պայքարում է, որ Հայաստանը Հայաստան մնա, պատմությունն ու ինքնությունը չջնջվեն։

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյան, արխիվ
«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյան, արխիվ

«Այս ընտրություններում մեր նպատակը մեկն է՝ պաշտպանել հայ մարդու ինքնությունը, պատմությունը, հիշողությունը, մշակույթը և հայկական պետականության բովանդակությունը», - հայտարարում է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

«Ահա այն ինքնիշխանության սիմվոլը, որը այսօր Հայաստանը ունի. սա Երասխի մետալուրգիական գործարանն է որպես սիմվոլ», - ասաց Մարուքյանը:

«Պաշտպանիր ինքնությունդ» կարգախոսով քարոզարշավը սկսեցին հայ - ադրբեջանական սահմանից՝ Նախիջևանին կպած Երասխից: Ինչո՞ւ հենց այստեղից. - «Որովհետև այսօրվա Կառավարությունը երկու տարի առաջ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում դադարեցրել է Երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր ամերիկյան ներդրողների կողմից։ Այսինքն՝ ամերիկյան ներդրողները Երասխում, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում սկսել էին կառուցել մետալուրգիական գործարան, Ադրբեջանը սկսեց կրակել, վիրավորել նաև գործարանի վրա աշխատող բանվորներին, և գործարանի շինարարությունը դադարեցվեց։ Հետագայում այն տեղափոխվեց այլ վայր», - ասաց «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը՝ շարունակելով. - «Հիմա, խոսել անդադար ինքնիշխանությունից, ասել, որ մենք ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, սակայն ունենալ նման ամոթ, նման խայտառակություն և մեծ-մեծ խոսել, հոխորտալ ընդդիմադիր ուժերի վրա, սա մենք ուզում էինք ցույց տալ քարոզարշավի առաջին օրը»։

Ադրբեջանի կրակոցներով ու պահանջով 2023-ից կանգ առավ Հայաստանի ինքնիշխան տարածքում այս գործարանի կառուցումը։ Սա պատմում է Հայաստանի ինքնիշխանության մասին, «Լուսավոր»-ը վստահեցնում է՝ պայքարում է, որ Հայաստանի ներքին կյանքում չլինի Թուրքիայի ու Ադրբեջանի միջամտությունը:

Անավարտ գործարանի մատույցներից ընտրողներին դիմեց «Լուսավոր»-ի երկրորդ համարը՝ Կարպիս Փաշոյանը. - «Թուրքիան և Ադրբեջանը ներկա են մեր ներքին քաղաքական կյանքում, միջամտում են մեր ներքին գործերին, և այդ ամեն ինչը պետք է կասեցնել։ Այս պահի դրությամբ Հայաստանի ինքնիշխանության ամենամեծ թշնամիներն են Թուրքիան, Ադրբեջանը և նրանց կամակատար Հայաստանի իշխանությունները։ Եվ դրա համար անհրաժեշտ է քվեարկել մեզ, որպեսզի Հայաստանը կարողանա վերագտնել իր ինքնիշխանությունը»։

Ընդդիմադիր ուժերից «Միասնության թևեր»-ն էլ արդարություն է խոստանում ընտրողներին ու քարոզարշավը սկսեց խորհրդանշական վայրից՝ Գոշավանքից։

«Միասնության թևեր»-ը սկսում է ընտրարշավը Տավուշի մարզից, 8-ը մայիսի, 2026թ.
«Միասնության թևեր»-ը սկսում է ընտրարշավը Տավուշի մարզից, 8-ը մայիսի, 2026թ.

«Մեր նախընտրական քարոզարշավը սկսում ենք Գոշավանքից։ Արդարությունը գալիս է», - հայտարարեց կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

«Միասնության թևեր»-ի համար էլ կարևոր արժեք են ազգային ինքնությունը, խաղաղությունը, վստահեցնում է Թաթոյանը։ Հայաստանում ոչ մեկը պատերազմ չի ուզում, գործող իշխանությունն է հորինել, թե կան ուժեր, որ պատերազմ են ուզում հրահրել, ասում է նախկին օմբուդսմենը։

«Արդարությունը հենց այդ մասին է, որ մարդը լավ ապրի մեր երկրում, լինի, ունենա, ստանա կրթություն, ունենա աշխատանք և ապրի ապահով երկրում, ապահով ապագա ունենա», - նշեց Թաթոյանը:

«Բոլորին դեմ եմ»-ի վարչապետի թեկնածու, իրավապաշտպան Նինա Կարապետյանց, արխիվ
«Բոլորին դեմ եմ»-ի վարչապետի թեկնածու, իրավապաշտպան Նինա Կարապետյանց, արխիվ

Ընդդիմադիր ուժերից տարբերվող քարոզարշավ սկսեց նորաստեղծ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։ Սա միակ ուժն է, որի վարչապետի թեկնածուն կին է՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նրանք էլ այսօր մարդկանց առաջարկում էին ցեխ շպրտել մի պաստառի վրա, որտեղ պատկերված էին ընտրություններին մասնակցող մյուս ուժերը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG