Փողերի լվացման, իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Սամվել Կարապետյանը, որ ավելի քան կես տարի է տնային կալանքի տակ է,
այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «ապօրինություն» որակեց ընդդիմադիր «Բարգավաճ Հաաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական հետապնդումը:
«Ապօրինությունները շարունակվում են», - հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը՝ վստահեցնելով. - «Ծառուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու, Ծառուկյանը ուժեղ, հաղթանդամ տղամարդ է, նա դեռ իր խոսքը կասի և ընդդիմության հետ կմասնակցի իշխանափոխության բոլոր ծրագրերին»:
Անդրադառնալով գործարար Ծառուկյանին պատկանող խոշոր բիզնեսներում վերջին օրերին տեղի ունեցող խուզարկություններին, ընկերությունների կապարակնքմանը և պարապուրդի մատնված հազարավոր աշխատակիցների ճակատագրին, միլիարդատեր գործարարն ասաց, թե «շատ մեծ վտանգ է տեսնում» Հայաստանի ներդրումային դաշտի համար:
Իշխանության հետ առճակատման հետևանքով անցած տարի Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» զրկվեց լիցենզիայից:
Հայաստանի կառավարությունը մայիսին ՀԷՑ-ի ձեռքբերման համար Սամվել Կարապետյանի ընտանիքին առաջարկել է մոտ 400 հազար դոլար՝ պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները: Կարապետյանները հրաժարվել էին, այժմ, ըստ օրենքի, ընկերությունը հանրային գերակա շահ է ճանաչվելու:
«Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում; Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում եմ թե՛ ներքին ներդրողներին, թե՛ արտաքին ներդրողներին: Այ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր», - ասաց Սամվել Կարապետյանը՝ շարունակելով. - «Էդ մարդու չուչելներն [խրտվիլակները՝ ռուսերեն. - խմբ.] էլ գողացան: Դե առյուծներին ոչինչ, հետները կտանեն Ազգային ժողով, կզարթնեցնեն կտանեն Ազգային ժողով, չուչելները չհասկացա»:
«Գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության»
Միլիարդատեր գործարարը վստահ է՝ Փաշինյանին հեռացնելու ամենակարճ ճանապարհը մանդատները վերցնելն ու խորհրդարան գնալն է: Հունիսի 7-ի ընտրություններում իր անվերապահ հաղթանակի մասին պնդող և վարչապետի պաշտոնին հավականող Կարապետյանն այժմ փորձում է կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով:
«Մենք հերթով, քայլ-քայլ գնալու ենք առաջ, դրա համար էլ ընտրեցինք Ազգային ժողովը», - հայտարարեց Սամվել Կարապետյանը:
29 մանդատ ստացած «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը չհամաձայնեց դիտարկմանը, թե մանդատները վերցնելով և խորհրդարան գնալով ճանաչում են իշխանության լեգիտիմությունը: Ի դեպ, ընդդիմադիր ուժի առաջնորդը տեղեկացրեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորած իր եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը վերցնելու է մանդատը:
«Ազդակը իհարկե ընտրողներից նույնպես եղավ, բայց գլխավորը դա այն հաշվարկներն էր, որը ցույց տվեց ամենակարճ ճանապարհը Փաշինյանին հեռացնելու համար», - ասաց Կարապետյանը:
Խոսելով փողոցային պայքարի հնարավորության մասին՝ նա կրկին կոնկրետ ժամկետներ չնշեց, միայն հիշեցրեց նախկինում ասվածը՝ «փողոցային պայքար լինելու է մեկ անգամ և վերջնական», ուղղակի ազդակների են սպասում. - «Դրա համար մի քանի տրիգերներ են պետք, մենք ուշադիր ենք լինելու, այդ տրիգերների առկայության դեպքում կլինի թե՛ փողոցային պայքար, թե՛ Ազգային ժողովում պայքար, ամեն ինչը միասին պետք է լինի»:
«Իշխանափոխության օրինական ճանապարհն» ընտրած միլիարդատեր գործարարն ասաց, թե իհարկե կարող էին դուրս գալ փողոց, բայց ցնցումներ չեն ուզում:
«Հիմա դուք կարող եք չկասկածել՝ ձեր մտածած ձևով ամեն ինչ կարելի է անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը: Դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, կգա օրը՝ մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք», - վստահեցրեց Սամվել Կարապետյանը:
Դեռևս հունիսին միլիարդատեր գործարարը հայտարարել էր «Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով» ընդդիմադիր ուժերին համախմբելու գործընթացի մասին: «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը, սակայն, այդպես էլ փակագծերը չի բացում, թե ինչպես է հասնելու իշխանափոխության: Այսօր էլ չհստակեցրեց, թե երբ է նախատեսվում ընդդիմադիր ուժերի լիդերների հավաքը, ինչը խոստացել էր: Մինչ Կարապետյանը կկազմակերպի այդ հանդիպումը, լիդերներից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն կալանավորված է:
«Առաջիկայում սա չոքելու է այլ քաղաքական ուժերի դուռը»
«Առաջիկայում սա չոքելու է այլ քաղաքական ուժերի դուռը, ու առհասարակ ազգային մտածողություն ունեցող մարդը հետապնդվելու է», - «Ազատության» հետ զրույցում պնդեց խորհրդարանական ընտրություններում երկրորդ ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան:
Նրա համոզմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, առաջիկայում տեղի է ունենալու նաև ազգաին մտածողության ունեցող ցանկացած հայի հետ:
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ այժմ Նիկոլ Փաշինյանը փորձում է «կոտրել դիմադրության շարժումը և դրսի գործընկերներին տրված խոստումներն իրականացնել»:
Օրերս հինգ ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսը և Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարեցին նոր քաղաքական դիմադրության փուլի մասին՝ օրակագում ունենալով «Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխումը, Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանությունը, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությունը և գործող իշխանության հեռացումը»:
Այս օրակարգի շուրջ էլ, ըստ Իշխան Սաղաթելյանի, պետք է առաջիկայում ձևավորվի ճանապարհային քարտեզը:
«Հետևաբար, բնականաբար, և՛ հանրահավաքներ են լինելու, և՛ փողոցային պայքար է լինելու: Էստեղ խնդիր՝ը երբ, ինչ կառուցվածքով և ինչ ուժերով. այդ քննարկումները շարունակվում են», - նշեց ընդդիմադիր գործիչը:
Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցչի խոսքով՝ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին հետապնդելու քայլերը կանխատեսելի են, խնդիրն այն է, թե ընդդիմադիր որ ուժերն են պատրաստ մինչև վերջ՝ վա բանկ գնալ և պայքարել իշխանության դեմ: Սաղաթելյանը կարծում է, որ ընդդիմադիր դաշտում կա այդ խորը գիտակցումը, որ մի շարք ամբիցիաներ պետք է մի կողմ դնել, հասնել համախոհության, ձևավորել ճանապարհային քարտեզը և հանրությանը ներկայացնել, թե որտեղից են սկսում և ուր են գնում:
«Որևէ մեկը չունի կախարդական փայտիկ, որ մի հանրահավաքով, մի քայլով այս իշխանությունից ազատվելու է», - նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: