Մատչելիության հղումներ

Իրանում այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը. Թրամփ

Լրացված

Իրանում այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա, եթե Թեհրանը չընդունի պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկները և չբացի Հորմուզի նեղուցը, Իրանին տված վերջնաժամկետից ժամեր առաջ հայտարարել է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը պնդել է, թե Իրանում ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել և հիմա երկիրն ավելի խելացի ու պակաս արմատական մարդիկ են ղեկավարում: Ապա հույս է հայտնել, թե «գուցե ինչ-որ հեղափոխական և հրաշալի բան տեղի ունենա» և հնարավոր լինի խուսափել այդ սցենարից։

«Այս գիշեր կոչնչանա մի ամբողջ քաղաքակրթություն, որն այլևս երբեք հնարավոր չի լինի վերականգնել։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա ... Մենք դա կիմանանք այսօր երեկոյան», - նշել է ԱՄՆ նախագահը:

Մինչ այդ Թրամփը սպառնացել էր մեկ գիշերում ամբողջովին ոչնչացնել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, եթե Թեհրանը մինչև այսօր երեկո չհամաձայնի ԱՄՆ առաջարկներին:

Ամերիկյան Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Թրամփի հայտարարությունից հետո Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ ուղիղ հաղորդակցությունը:

ԱՄՆ փոխնախագահն իր հերթին հայտարարել է, որ իրանցիներն արագ չեն բանակցելու հարցում, և ԱՄՆ-ն գիտակցում է, որ երբեմն որոշակի ուշացումներ են լինում ուղերձներ փոխանցելու ժամանակ: ԱՄՆ-ն, սակայն վստահ է, որ կստանա Իրանից նախքան Թրամփի սահմանած վերջնաժամկետը, Հունգարիայի վարչապետ հետ համատեղ ասուլիսին ասել է Ջեյ Դի Վենսը:

«Վստահ ենք, որ կկարողանանք պատասխան ստանալ, լինի դա դրական, թե բացասական։ Մենք իրանցիներից պատասխան ենք ստանալու մինչև այսօր երեկոյան ժամը 8-ը։ Հուսով եմ՝ նրանք ճիշտ պատասխան կտան», - ընդգծել է Վենսը:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, մինչ այդ Reuters-ին ասել էր, որ Թեհրանը մերժել է ժամանակավոր հրադադարի վերաբերյալ բոլոր առաջարկները և նախապայմաններ է ներկայացրել՝ ԱՄՆ-ի հետ «երկարատև խաղաղության» շուրջ բանակցելու համար: Ըստ այդմ՝ պետք է անհապաղ դադարեցվեն հարվածները, երաշխիքներ տրվեն, որ դրանք չեն կրկնվի ապագայում և վնասի փոխհատուցում տրամադրվի:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ըստ իրանական լրատվամիջոցների, հայտարարել է, որ առանց վարանելու կպատասխանեն, եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի քաղաքացիական օբյեկտների վրա։ Ընդորում՝ Իրանի պատասխանը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից, զգուշացրել է կորպուսը:

«Մենք այնպիսի բաներ կանենք Ամերիկայի և նրա գործընկերների ենթակառուցվածքների հետ, ինչը նրանց և նրանց դաշնակիցներին կզրկի տարածաշրջանի նավթից և գազից երկար տարիներ»,- ասվում է հայտարարությունում:

Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ «ավելի քան 14 միլիոն «հպարտ իրանցիներ մինչ օրս գրանցվել են՝ հանուն Իրանի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերելու համար»։ Մասուդ Փեզեշքիանը սոցցանցում գրել է, որ ինքը ևս հավատարիմ է այդ գաղափարին:

Ժամ առ ժամ սրվող լարվածության ֆոնին մի շարք երկրներ կողմերին կոչ են արել երկխոսությամբ լուծել խնդիրը: Կատարի արտգործնախարարության խոսնակը կոչ է արել կարգավորել խնդիրը, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից, քանզի որքան այս պատերազմը շարունակվի, այնքան շատ կտժուեն թե՛ տարածաշրջանը, թե՛ աշխարհը:

«Այս պատերազմի շարունակվելու դեպքում չկան հաղթողներ։ Կան միայն պարտվողներ, որոնց ցանկն ամեն օր ընդլայնվում է ստեղծված տնտեսական վիճակի հետևանքների պատճառով» - Մաջիդ Ալ-Անսարին։

Իսրայելն ու ԱՄՆ-ն շարունակել են հարվածներն Իրանին, Թեհրանն իր հերթին՝ Իսրայելին

Ու մինչ հաշված ժամեր են մնում Թրամփի վերջնաժամկետին, պատերազմի 39-րդ օրը Իսրայելն ու ԱՄՆ-ն շարունակել են հարվածներն Իրանին: Mehr գործակալության փոխանցմամբ, հարձակման են ենթարկվել Խարգ կղզին, որտեղով արտահանվում է իրանական նավթի մեծ մասը: ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ Խարգի նավթային օբյեկտներին չեն հարվածել, այլ միայն ռազմական թիրախներին:

Իսրայելը հայտարարել է, որ Իրանում հարվածել է ութ կամրջի, նաև երկաթուղային ցանցին: Բանակը պնդում է, որ Իրանը երկաթուղին օգտագործում է զենք-զինամթերք տեղափոխելու համար, հետևաբար լեգիտիմ թիրախ է: Հարձակումից առաջ իսրայելական բանակն իրանցիներին զգուշացրել էր այսօր չօգտվել երկաթուղուց:

Ամերիկա-իսրայելական հարվածներից Իրանում այսօր ընդհանուր 35 մարդ է սպանվել, միայն 18-ը՝ Ալբորզ նահանգում, վիրավորվել է երկու տասնյակից ավելի մարդ: Հարձակման են ենթարկվել նաև Խորամաբադի օդանավակայանը, իսկ Շիրազում՝ նավթաքիմիական գործարան՝ երրորդը պատերազմի ընթացքում:
Իսրայելի բանակը նաև հայտարարել է, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի մարտիկների է սպանել Լիբանանում: Իրանի աջակցությունը վայելող շարժումը պատասխան հարվածներ է հասցրել: Իսրայելական բանակը հաստատել է, որ վերջին 48 ժամում 36 զինվոր է վիրավորվել:

Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելի մի քանի քաղաքների, կան ավերածություններ: Նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներին: Ի պատասխան Շիրազի նավթաքիմիական գործարանի հարձակման, իրանական զինուժը նավթաքիմիական համալիրի է հարվածել Սաուդյան Արաբիայում:

Ի դեպ, ռազմական և դիվանագիտական դաշտում այս զարգացումների ֆոնին բրիտանական The Times-ը հաղորդում է, որ պատերազմի առաջին օրը վիրավորված Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անգիտակից վիճակում բուժվում է Իրանի Ղոմ քաղաքի հիվանդանոցներից մեկում և չի կարող մասնակցել որոշումների կայացմանը: Խամենեին այս պաշտոնում ընտրվելուց հետո մի քանի անգամ տեքստային ուղերձներ է հղել, սակայն անձամբ չի ներկայացել հանրությանը:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG