«Իրանը մերժել է հրադադարի առաջարկը և ընդգծել պատերազմի անժամկետ դադարեցման անհրաժեշտությունը»,- հաղորդում են իրանական աղբյուրները: Ըստ պետական լրատվական IRNA գործակալության՝ 10 կետից բաղկացած Իրանի պատասխանն ամերիկյան կողմին է փոխանցվել Պակիստանի միջոցով։
«Դրանում անդրադարձ կա տարածաշրջանային հակամարտության դադարեցմանը, Հորմուզի նեղուցով անխոչընդոտ նավարկությանն ու պատժամիջոցների վերացմանը»,- տեղեկացնում է IRNA-ն։
Արձագանքելով այս մերժմանը՝ ԱՄՆ նախագահն ասել է, թե Իրանի կառավարությունը մեծ գին կվճարի սրա համար:
Մինչ այդ Դոնալդ Թրամփն Իրանին նոր հարվածներով էր սպառնացել ու վերջնաժամետ տվել գործարքի գնալու համար, իսկ Reuters-ը հայտնել էր, որ միջնորդներն Իրանին ու ԱՄն-ին պատերազմը դադարեցնելու առաջարկներ են ներկայացրել:
Ըստ գործակալության՝ դրանցով առաջարկվում էր անմիջապես 45-օրով հրադադար հաստատել: Այդ ընթացքում կողմերը պետք է բանակցեին խաղաղության համաձայնագրի շուրջ, որը պետք է կնքվեր երկրորդ փուլում: Ընդորում, հրադադարը կարող էր երկարաձգվել, եթե բանակցելու համար լրացուցիչ ժամանակ պահանջվեր:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, արդեն ասել էր, որ Թեհրանը չի վերաբացի Հորմուզի նեղուցը հրադադարի դիմաց, քանզի կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ մշտական հրադադարի, ասել է պաշտոնյան:
Արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել էր, որ Թեհրանն անընդունելի է համարում վերջնագրերն ու սպառնալիքները:
«Բանակցությունները ոչ մի կերպ չեն ենթադրում վերջնագրեր, հանցագործություն կամ պատերազմական հանցագործություններ կատարելու սպառնալիք։ Իրանը և իրանցի ժողովուրդն ԱՄՆ-ի հետ բանակցելու շատ, շատ դառը փորձ ունեն: Եվ մենք այդ փորձը հեշտությամբ չենք ձեռք բերել, որ կարողանանք անտեսել»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Մինչ այդ ԱՄՆ նախագահը սպառնացել էր պայթեցնել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, եթե Թեհրանը գործարքի չգնա: Դոնալդ Թրամփը նաև 48 ժամ էր տվել Իրանին՝ Հորմուզի նեղուցը բացելու համար, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը: Վերջնաժամկետը լրանում է երեքշաբթի:
«Դուք կտեսնեք կամուրջներ և էլեկտրակայաններ, որոնք կփլուզվեն նրանց ամբողջ երկրում։ Եթե նրանք արագ համաձայնության չգան, ես մտածում եմ ամեն ինչ պայթեցնելու և նավթը վերցնելու մասին», - նշել է Թրամփը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին, հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի համար։ Կառույցը նաև հայտնել է, որ իր ռազմածովային ուժերը Պարսից ծոցում են՝ նեղուցում Իրանի հաստատած նոր կարգն ապահովելու համար: Ըստ Fars գործակալության՝ Իրանի համաձայնությունն ստանալուց հետո անցած մեկ օրում 15 նավ հատել է նեղուցը:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը երկրի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու Թրամփի հայտարարությունը «պատերազմական հանցագործության մտադրության ապացույց» է որակել, իսկ ՄԱԿ-ին մեղադրել այս ամենի վրա աչփ փակելու համար:
Իրանի խորհրդարանի նախագահն էլ Թրամփին մեղադրել է «անխոհեմ քայլեր» անելով ԱՄՆ-ին «դժոխքի մեջ ներքաշելու» համար: Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է, որ կշարունակեն հրի մատնել ողջ տարածաշրջանը, քանի դեռ ԱՄՆ նախագահը հետևում է Իսրայելի վարչապետի հրահանգներին: «Մի՛ սխալվեք. դուք ոչինչ չեք շահի պատերազմական հանցագործություններով: Միակ իրական լուծումը Իրանի ժողովրդի իրավունքները հարգելն ու այս վտանգավոր խաղը դադարեցնելն է»,- հավելել է նա:
Իրանի արտգործնախարարության խոսնակն իր հերթին զգուշացրել է, որ Իրանը արագ հակահարված կտա, եթե իրանական ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն:
«Իրանի պատասխանը կլինի նման հարձակումներին հակահարված տալը։ Մեր զինուժը հստակ հայտարարել է՝ եթե իրանական ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն, մենք նույն կերպ կպատասխանենք։ Մեր զինուժը կհարվածի նմանատիպ ենթակառուցվածքների, որոնք պատկանում են ԱՄՆ-ին կամ ... նպաստում է Իրանի դեմ նրա ագրեսիային», - նշել է Էսմայիլ Բաղային։
Պատերազմի 38-րդ օրը կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները: Իրանում մեկ տասնյակից ավելի զոհ կա: Պետական լրատվամիջոցները հայտնել են, որ սպանվել է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին: Նա այս պաշտոնում փոխարինել էր Մոհամմադ Քազեմիին, որը սպանվել էր անցած տարվա հունիսի 12-օրյա պատերազմի ժամանակ:
Իսրայելը հայտարարել է, որ սպանել են նաև «Ղոդս» ուժերի գաղտնի ստորաբաժանման ղեկավար Ասղար Բաքերիին: Իրանը դեռ չի հաստատել սա:
Իսրայելը նաև հարվածել է Իրանի Ասալույե քաղաքում գտնվող նավթաքիմիական ամենամեծ համալիրին: Նման մեկ այլ գործարանի էլ հարվածել էին անցած շաբաթ: Պաշտպանության նախարարն ասել է, որ սա մեծ հարված է Իրանի տնտեսությանը, քանզի երկու համալիրները միասին ապահովում էին արտահանվող նավթաքիմիական նյութերի մոտ 85%-ը և երկուսն էլ հիմա չեն գործում, իսկ Իրանը միլիարդավոր վնասներ է կրում:
Իսրայել Կացը նաև ասել է, որ Իսրայելի Պաշտպանության բանակին հրահանգված է շարունակել ամբողջ ուժով հարվածել իրանական պետական ենթակառուցվածքներին։
«Իրանի ահաբեկչական ռեժիմը կհասկանա, որ Իսրայելի դեմ շարունակական ագրեսիան և իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ վախկոտ, հանցավոր հարձակումները միայն կխորացնեն նրա կրած տնտեսական և ռազմավարական վնասը և կհանգեցնեն երկրի կարողությունների փլուզմանը»,- հայտարարել է Կացը:
Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ համալիրին լուրջ վնաս չի պատճառվել՝ նշելով, որ հարձակմանը մասնակցել է նաև ամերիկյան զինուժը:
Իսրայելը նաև շարունակել է հարվածները Լիբանանում, կան զոհեր և վիրավորներ:
Իրանն, իր հերթին, հարվածել է Իսրայելին. Հայֆա քաղաքում առնվազն չորս զոհ կա, կան նաև վիրավորներ: Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ իրանական ուժերը թիրախավորել են ամերիկյան դեսանտային գրոհային նավ, որը նահանջել է դեպի Հնդկական օվկիանոս: