ԱՄՆ նախագահը պնդում է՝ գործարքը, որի շուրջ Միացյալ Նահանգները բանակցում է Իրանի հետ, շատ ավելի լավն է լինելու, քանի գերտերությունների և Թեհրանի միջև 2015 թվականի համաձայնությունը, որից Դոնալդ Թրամփը դուրս բերեց Վաշինգտոնին իր առաջին նախագահության շրջանում:
Երկուշաբթի օրը իր Truth Social սոցիալական ցանցում գրառումներում Սպիտակ տան ղեկավարը, քննադատելով Դեմոկրատական կուսակցությանը, նախկին նախագահներ Բարաք Օբամային և Ջո Բայդենին ու ամերիկյան հայտնի լրատվամիջոցներին, հայտարարել է, որ ճնշում չի զգում Իրանի հետ գործարք կնքելու, բայց կանխատեսել է, որ բավականին շուտով համաձայնություն ձեռք է բերվելու:
Թրամփի հավաստմամբ՝ Իրանի 2015-ի համաձայնությունը, որից ինքը ԱՄՆ-ին դուրս բերեց երեք տարի անց, «դեպի Միջուկային Զենք երաշխավորված ճանապարհ էր» Թեհրանի համար:
«Եթե գործարք տեղի ունենա ԹՐԱՄՓԻ օրոք, այն կերաշխավորի Խաղաղություն, Անվտանգություն ոչ միայն Իսրայելի և Միջին Արևելքի, այլև Եվրոպայի, Ամերիկայի համար և ամենուր», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:
«Ես որևէ ճնշման տակ չեմ [Իրանի հետ նոր գործարքի հասնելու], այդուհանդերձ, այդ բոլորը տեղի է ունենալու, հարաբերականորեն արագ», - վստահեցրել է Թրամփը:
Նա կրկնել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը կշարունակվի, մինչև «ԳՈՐԾԱՐՔ լինի»: Պաշտոնական Թեհրանը, մինչդեռ, հայտարարել է, որ չի մասնակցելու բանակցություններին, քանի դեռ իր նավահանգիստները շրջափակված են: