Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում Վալդայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրին ուղղված հարվածի մասին տեղեկատվությանը:
«Չեմ հավատում, թե այդ հարվածը եղել է», - ասել է Թրամփը Air Force One նախագահական օդանավում լրագրողի հարցին ի պատասխան:
Ճշտող հարցին, թե ինչո՞ւ էր այդ պահին հավատացել Պուտինին և այդկերպ արտահայտվել, ԱՄՆ նախագահն արձագանքել է. - «Քանի որ ոչ ոք չգիտեր այդ պահին: Դա առաջինն էր, որ ես լսեցի: Նա [Պուտինը] ասաց, թե իր տունը հարձակման է ենթարկվել: Մենք դրան չհավատացինք այն բանից հետո, երբ կարողացանք ստուգել տեղեկատվությունը»:
Վալդայում Պուտինի նստավայրի վրա դեկտեմբերի լույս 29-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով «գրոհի փորձի» մասին առաջինը հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այնուհետև Կրեմլը «գրոհի փորձը» որակել էր «բանակցային գործընթացի տապալմանն ուղղված ահաբեկչական գործողություն» և սպառնացել Ռուսաստանի «բանակցային դիրքորոշման կոշտացմամբ»: Ռուսաստանցի պաշտոնյաներն իրենց պնդումների ապացույցներ չէին ներկայացրել:
Դեկտեմբերի 31-ին ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ասուլիս անցկացրեցին, որի ժամանակ իբր կեցավայրի վրա «խոցված անօդաչուի» կադրեր ցուցադրեցին, ինչպես նաև տեսանյութ, որում մոտակա ավանի մի բնակիչ պատմում էր իբր դեկտեմբերի լույս 29-ի գիշերը անօդաչուների թռիչքի ձայն լսելու մասին:
Պաշտոնական Կիևը հերքում է Ռուսաստանի նախագահի կեցավայրի վրա հարձակման մասին պնդումները:
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը և այլ հատուկ ծառայություններ պարզել են, որ Ուկրաինան փորձել է հարվածել ռազմական թիրախի Ռուսաստանի Նովգորոդի մարզում, սակայն այդ հարվածն ուղղված չէր Պուտինի նստավայրին: Այդ մասին ԿՀՎ ղեկավարը հաղորդել է Թրամփին: