Մատչելիության հղումներ

Անվտանգության երաշխիքների կարիք ունի Ուկրաինան, ոչ թե Ռուսաստանը. Կալաս


«Մենք պետք է հիշենք, թե ինչու են երկրները ցանկանում լինել ՆԱՏՕ-ում, քանի որ չեն ցանկանում, որ Ռուսաստանը հարձակվի իրենց վրա», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

«Եվ այդ պատճառով Շվեդիան և Ֆինլանդիան միացան ՆԱՏՕ-ին, այդ պատճառով էլ Բալթյան երկրները միացան ՆԱՏՕ-ին՝ այս պաշտպանական հովանոցն ունենալու համար։ Հիմա, եթե սա կասկածի տակ չէ, կամ դա բացառված է, ապա մենք պետք է տեսնենք, թե որոնք են իրական անվտանգության երաշխիքները։ Դրանք չեն կարող լինել թղթեր կամ խոստումներ։ Դրանք պետք է լինեն իրական զորքեր, իրական կարողություններ, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել։ Մենք պետք է հասկանանք, որ Դոնբասը Պուտինի վերջնական նպատակը չէ։ Եթե նա ստանա Դոնբասը, ապա ամրոցը կփլուզվի, և այդ դեպքում նրանք անպայման կանցնեն ամբողջ Ուկրաինայի գրավմանը։ Եվ եթե Ուկրաինան գնա, ապա մյուս տարածաշրջանները նույնպես վտանգի տակ կլինեն», - հավելել է Կալասը։

ԵՄ պաշտոնյան ընդգծել է՝ անվտանգության երաշխիքների կարիք ունի Ուկրաինան, ոչ թե Ռուսաստանը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր երկրներն են ներկայումս պատրաստ ընդունել Ուկրաինային, ուստի Կիևը, ինչպես Զելենսկին է ասել, պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի և Եվրոպայի անվտանգության երաշխիքները որպես փոխզիջում՝ մնալով ՆԱՏՕ-ից դուրս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս է պահանջել, որ Ուկրաինան պաշտոնապես հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամակցության իր հավակնություններից:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG