Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը, իսկ իրանական նավահանգիստների շրջափակումը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ Իրանը գործարքի գնա:
Թրամփը սոցցանցում գրել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերին հրամայել է առանց տատանվելու կրակել և ոչնչացնել ցանկացած նավ, որն ականապատում է Հորմուզի նեղուցի ջրերը։ Ըստ նրա՝ ամերիկյան ականազերծող նավերը հենց հիմա մաքրում են նեղուցը, ինքն էլ կարգադրել է շարունակել գործողությունը եռապատիկ արագ տեմպերով։
«Մենք լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Ոչ մի նավ չի կարող մտնել կամ դուրս գալ առանց ԱՄՆ ռազմածովային ուժերի թույլտվության։ Այն «ամուր փակ է» մինչև այն պահը, երբ Իրանը կարողանա գործարք կնքել»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը նաև պնդել է, թե Իրանում չգիտեն, թե ով է իրենց առաջնորդը: Ըստ նրա՝ ներքին պայքար է ընթանում «կոշտ գծի» կողմնակիցների, որոնք անհավանական պարտություն են կրել մարտադաշտում, և «չափավորների» միջև, որոնք, ըստ նրա, այդքան էլ չափավոր չեն բայց հարգանք են ձեռք բերում։
Թրամփի այս գրառումից առաջ ԱՄՆ զինուժը հայտարարել էր, որ այս օրերին 31 լցանավի թույլ չի տվել անցնել շրջափակումը: Այսօր էլ Իրանից նավթ տեղափոխող և պատժամիջոցների տակ գտնվող ևս մեկ նավ է առգրավել Հնդկական օվկիանոսում: Սակայն Vortexa ընկերության տվյալներով՝ շրջափակումից ի վեր Իրանի հետ առնչվող 19 նավ է դուրս եկել Պարսից ծոցից: Դրանց մեջ եղել են նաև լցանավեր, որոնք մոտ 10 մլն բարել նավթ են տեղափոխել: Չնայած Հորմուզը վերահսկելու մասին Թրամփի պնդումներին՝ Իրանը հայտարարել է, որ նեղուցով անցնող նավերից գանձված առաջին վճարներն է արդեն ստացել։
Մինչ այդ ԱՄՆ նախագահը Fox News-ին ասել էր, որ «չի շտապում» պատերազմը դադարեցնելու հարցում և ցանկանում է «լավ գործարք» կնքել Իրանի հետ: Դոնալդ Թրամփը նաև նշել էր, որ հրադադարի երկարաձգման հարցում «ժամանակային ճնշում չկա»: Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ հերքել էր լուրերը, թե նախագահը հրադադարի նոր վերջնաժամկետ է սահմանել:
«Գիտեմ, որ որոշ անանուն աղբյուրներից ստացված լուրեր կան, թե 3-5 օրվա վերջնաժամկետ կա։ Դա ճիշտ չէ։ Նախագահն ինքը վերջնաժամկետ չի սահմանել։ Ի վերջո, նա կթելադրի ժամանակացույցը»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը:
Քերոլայն Լևիթը նշել էր, որ բանակցությունները շարունակվում են: ԱՄՆ նախագահը, նրա խոսքով, «շատ հստակ ներկայացրել է իր կարմիր գծերը»՝ պահանջելով, որ Իրանն ԱՄՆ-ին հանձնի հարստացված ուրանը: Եվ հիմա սպասում է Իրանից պատասխանի: Սակայն Թեհրանը, նրա պնդմամբ, «միասնական» պատասխան դեռ չի կարողացել տալ, այդ պատճառով էլ Թրամփն անորոշ ժամանակով երկարաձգել է հրադադարը:
Բանակցությունների հեռանկարն անորոշ է
Չնայած Լևիթի պնդմանը՝ բանակցությունների հեռանկարն անորոշ է: Ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ-ն չեն շտապում մեկնել Պակիստան, որտեղ պատրաստ սպասում են նրանց: Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը մշտապես ողջունում է երկխոսությունը: Սակայն, ըստ Մասուդ Փեզեշքիանի, «իսկական բանակցությունների» գլխավոր խոչընդոտն այն է, որ ԱՄՆ-ն անընդհատ սպառնում է, չի կատարում խոստումները և շարունակում է իրանական նավահանգիստների շրջափակումը:
Բանակցությունների առաջին փուլում Իրանի պատվիրակությունը ղեկավարած Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ լիակատար հրադադարը «իմաստ կունենա» միայն, եթե ԱՄՆ-ն վերացնի նավահանգիստների շրջափակումը: Իսրայելը ևս պետք է դադարեցնի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը: Իրանը Հորմուզի նեղուցը ևս չի վերաբացվի, քանի դեռ հրադադարը խախտվում է, ասել է նա:
«Նրանք իրենց նպատակներին չհասան ռազմական ագրեսիայի միջոցով և չեն հասնի նաև ահաբեկման միջոցով։ Միակ ուղին Իրանի ժողովրդի իրավունքները ճանաչելն է»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը:
Ու մինչ պարզ չէ, թե երբ և արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցեն, այսօր Վաշինգտոնում սպասվում է Իսրայելի ու Լիբանանի բանակցությունների երկրորդ փուլը: Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունն ասել է, որ Իսրայելից պահանջելու են դադարեցնել ագրեսիան, դուրս գալ Լիբանանից և վերադարձնել գերիներին: Լիբանանի վարչապետն էլ հայտարարել է, որ Իսրայելի հետ ոչ մի գործարք չեն կնքի, մինչև իսրայելական զորքը լիովին դուրս չգա երկրից: Երկու երկրների միջև տասնօրյա հրադադարի վերջնաժամկետը լրանում է ապրիլի 26-ին:
Իսկ Իսրայելն այս ընթացքում շարունակել է իր գործողությունները Լիբանանի հարավում, որտեղ մեկ լրագրող է սպանվել, ևս մեկը՝ վիրավորվել: Լիբանանի նախագահը լրագրողների թիրախավորումը «մարդկության դեմ հանցագործություն» է որակել: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն ևս պատասխան հարվածներ է հասցրել: